27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Էկոլոգիական քաղաքականության հայեցակարգ` ՀԱԿ-ից

Հայ ազգային կոնգրեսը ողջունում է Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքներում հանրային շահերի պաշտպանության համար համախմբված բնապահպանների պայքարը եւ իր պատրաստակամությունն է հայտնում մաս կազմելու բնապահպանական նախաձեռնություններին` հասարակության առջեւ ծառացած էկոլոգիական հիմնախնդիրները լուծելու համար:

Միաժամանակ, կարեւորելով գրագետ էկոլոգիական քաղաքականության առկայությունը եւ էկոլոգիական խնդիրների լուծման հարցում համակարգված մոտեցումների անհրաժեշտությունը, Հայ Ազգային Կոնգրեսի բնապահպանական հարցերով հանձնաժողովը հանրության քննարկմանն է ներկայացնում էկոլոգիական քաղաքականության հայեցակարգի նախագիծը, որը հասարակական քննարկումների արդյունքում կարող է լրամշակվել եւ դրվել Կոնգրեսի ծրագրային քաղաքականության հիմքում:

Ստեղծված իրավիճակում էկոլոգիական հիմնախնդիրները առաջացրել են հրատապ եւ հիմնովին փոփոխությունների անհրաժեշտություն: Այսօր Հայաստանում շահագործվում են հանրային սեփականություն համարվող հարյուրավոր հանքավայրեր, որոնցից ստացվող գերշահույթները, սակայն, մտնում են իշխանության բուրգի գագաթին կանգնած մի քանի ավազակապետերի գրպանը: Ունենալով խոպանչու հոգեբանություն` վարչախումբը ուղղակիորեն հարձակվել է հանրությանը պատկանող բոլոր բնական պաշարների վրա` հաջորդ սերունդներին թողնելով միայն աղտոտված, ապրելու համար ոչ պիտանի շրջակա միջավայր: Հանքավայրերին հարակից տարածքներում բնակչության օրգանիզմը թունավորված է ծանր մետաղներով ինչի հետեւանքով մարդիկ կորցնում են իրենց առողջությունը` դրա դիմաց չստանալով արդարացի փոխհատուցում: Անոմալ ծնունդները դարձել են սովորական երեւույթ, վտանգի տակ է դրված ազգի գենոֆոնդը:

Երկրի տնտեսությանը պատճառվող վնասի չափով հատկապես անթույլատրելի է Թեղուտի հանքավայրի շահագործումը: Հանքավայրի շահագործման հետեւանքով ամբողջովին ոչնչացվելու է Թեղուտի անկրկնելի էկոհամակարգը` պետության տնտեսական հաշվեկշռից հանելով զարգացման հսկայական պոտենցիալ ունեցող մի ամբողջ տարածաշրջան: Սոցիալական խնդիրների լուծման պատրվակով` բացահայտ թալանի է ենթարկվելու սերունդներին պատկանող հարստությունը` բնությանը պատճառելով անհամաչափ վնաս: Տեղի բնակչության սոցիալական խնդիրները կարող են լուծվել տարածքի բնառեսուրսներին համարժեք տնտեսական զարգացման ծրագրերի իրականացմամբ` առանց շրջակա միջավայրին անհամաչափ վնաս պատճառելու:  Նույնչափ անթույլատրելի են նաեւ Ամուլսարի, Հրազդանի եւ այլ տարածքների ու հանքավայրերի այդօրինակ շահագործումը:

Հասարակության կարիքներին անհաղորդ իշխանությունները իրենց հատուկ գավառականությամբ շարունակում են քաղաքային այգիների եւ պուրակների ‘սրճարանացումը’, հանրային կանաչ գոտիների հաշվին անճաշակ շինությունների կառուցումը, ինչի հետեւանքով անճանաչելիորեն աղավաղվել է Երեւանի ճարտարապետական տեսքը: Օրենսդրական անհեթեթ փոփոխություններ կատարելու, գործադիր իշխանության մարմինների կողմից անօրինական որոշումներ ընդունելու միջոցով ամեն կերպ «օրինականացվում» է հանրայի կանաչ տարածքները մասնավոր բիզնես պրոյեկտի վերածելու գործելաոճը:

Հայ ազգային կոնգրեսը ստեղծված իրավիճակի լուծումը տեսնում է միայն համակարգային փոփոխությունների միջոցով: Գործող վարչախումբը շահագրգռված չէ արժանապատիվ ու բարեկեցիկ հասարակություն ձեւավորման հարցում: Հակառակը, նրանց պետք է ունենալ նվաստացված, ճորտացված, աղքատ բնակչություն, որը կարող է մտածել միայն արվա հացը վաստակելու համար եւ իրենց համար ‘ավելորդ’ խնդիրներ չի ստեղծի նաեւ բնապահպանական հարցերում, չի պայքարի անտառների կամ պուրակների ոչնչացման, շրջակա միջավայրի ավերման դեմ: Ուստի, հանցավոր ռեժիմից օր առաջ ձերբազատվելը նաեւ Հայաստանի բնության եւ էկոլոգիական առողջացման միակ հնարավորությունն է:

Henaran.am-ին հաղորդում են ՀԱԿ մամլո գրասենյակից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ