Ռոբերտ Քոչարյանի անձնական վարկանիշը շատ ցածր է, Օսկանյանին դիվիդենտներ չի բերի
Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի անդամակցումը ԲՀԿ-ին չի խանգարի: Այսօր “Հենարան” մամուլի ակումբում նման կարծիք հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նրա խոսքով, Վարդան Օսկանյանը երբեք անձնական վարկանիշ չի ունեցել` նա ընդամենը թիմի անդամ է եղել:
“Սիվիլիթասը” եղել է ընդամենը վերլուծական ակումբ եւ չի դիտվել որպես քաղաքական կառույց եւ չէր կարող վարկանիշ ապահովել”:
Ահարոն Ադիբեկյանն ասել է, որ մեծ քաղաքականություն մտնելով, Օսկանյանը պետք է աստիճանաբար ձեռք բերի իր անձնական վարկանիշը, ինչպես ունի օրինակ` Րաֆֆի Հովհաննիսյանը: Դիտարկմանը, թե ինչպե՞ս կազդի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շրջապատի մարդը լինելու հանգամանքը Օսկանյանի վարկանիշի վրա, Ահարոն Ադիբեկյանը պատասխանեց.
”Ռոբերտ Քոչարյանի անձնական վարկանիշը 2.5-3 տոկոս է, շատ ցածր է: Նրա իմիջը մեծ է, երբ նա դառնում է ինչ-որ շարժման ղեկավար ու նա դա շատ լավ գիտի, դրա համար էլ ասում է, որ ես կվերադառնամ, եթե ազգովի ինձ խնդրեք, ոչ թե կուսակցությունը, այլ ազգը”:
Henaran.am-ի դիտարկմանը, թե իր կարծիքով ազգը կխնդրի՞ Քոչարյանին վերադառնալ, Ադիբեկյանը հարցով պատասխանեց` Դուք կխնդրե՞ք: Մեր բացասական պատասխանը լսելով, սոցիոլոգը նկատեց.”Տեսնում եք, մենք նույն ազգի անդամն ենք”:
Ահարոն Ադիբեկյանը հավելեց, որ Ռոբերտ Քոչարյանի հետ կապը Օսկանյանին դիվիդենտներ չի բերի.”Օսկանյանը պետք է իր իմիջը գտնի` նա ով է այս քաղաքական ասպարեզում, ինչ է բերում իր հետ եւ բներածն ինչպես կգնահատվի քաղաքական էլիտայի եւ ընտրողների կողմից”: