Ծնողները բողոքում են, մարզպետարանն ասում է` Ok է
Չնայած Կրթության եւ գիտության նախարարությունը բազմիցս հայտարարել է, որ աշխատանքային տետրերը պարտադիր չեն դպրոցներում, այնուամենայնիվ, Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի ու սպորտի վարչությունը այդ տետրերն ուղարկել է դպրոցներ պարտադիր վաճառքի համար:
“3 երեխա ունեմ, երեքին էլ տետրեր են տվել ու պարտադրել գումարները բերել մի քանի օրից, ընդհանուր գումարը 15հազար դրամ է կազմում, ես որտեղից այդքան գումար տամ”,- բողոքեց Գյումրու վարժարաններից մեկում սովորող աշակերտների ծնողը:
Շիրակի մարզի այլ դպրոցներում եւս պարտադրում են: Սակայն կան դպրոցներ, որտեղ տետրերը չեն բաժանել, այլ հայտարարել են, որ գնան ու գնեն կրպակներից: Թերեւս այս ճանապարհն ավելի ձեռնտու է ծնողներին, որովհետեւ որոշ դպրոցների տնօրեններ տետրերը վաճառում են 100-150 դրամով թանկ, քան դրսում է վաճառվում:
“Ուսուցիչը ցույց է տվել տետրը, ասել որ այս կիսամյակ անցնելու ենք այս տետրերով, հաջորդ դասին ով չունեցավ 2 կստանա”,- անկեղծացավ 5-րդ դասարանի աշակերտներից մեկը:
Շիրակի դպրոցների աշակերտների ծնողները անընդհատ բողոքում են, սակայն նրանց լսող չկա: Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի ու սպորտի վարչության պետը զբաղված էր, ու Henaran.am-ին կրթության բաժնի պետ Գեւորգ Ղումաշյանը պարզաբանեց, որ պարտադրանք չկա:
“Ավելին ասեմ, օրերս “Շանթ” հեռուստաընկերությամբ մարզի դպրոցների աշակերտները, ուսուցիչները, ծնողները կարծիք ասացին, որ այդ տետրերը օգտակար են եւ մեծ սիրով օգտագործում են”,-ասաց Գ.Ղումաշյանը: