Կաշառակեր դասախոսին`2 տարվա ազատազրկում. վճիռը բողոքարկվելու է
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանի որոշմամբ, օրերս 2 տարվա ազատազրկման է դատապարտվել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի հեռակա ուսուցման բաժանմունքի վարիչ Հենրիկ Հակոբյանը:
Հիշեցնենք, որ վերջինս իր աշխատասենյակում խարդախությամբ կաշառք ստանալու պատրվակով Սարգիս Դիլբարյանից հափշտակել էր խոշոր չափի՝ 1500 ԱՄՆ դոլար:
Փաստաբան Ռուբեն Հակոբյանը մտադիր է Վերաքննիչ դատարանում բողոքարկել վճիռը: Ըստ փաստաբանի, բոլոր հիմքերը կային` իր պաշտպանյալի նկատմամբ տուգանք նշանակելու կամ պատիժը պայմանականորեն չկիրառելու համար:
”Նախաքննական մարմնի կողմից արգելված են եղել մեղադրյալի հեռախոսային խոսակցությունները, շփումը հարազատ-բարեկամների հետ: Հետեւաբար՝ Հենրիկ Հակոբյանը կալանավորման շուրջ 5 ամիսների ընթացքում կրել է ֆիզիկական ու հոգեբանական զրկանքներ, ուստի արդեն իսկ հատուցել է իր կատարած արարքի համար:
64 տարեկան գիտությունների թեկնածու, դոցենտ, նախկինում չդատված, դրական բնութագրվող, ամուսնացած, մեղքը ընդունած, խոստովանական ցուցմունք տված, քննությանը աջակցած անձնավորության նկատմամբ կարող էր կիրառվել մեղմ պատիժ”,-Heanaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուբեն Հակոբյանը:
Նա նաեւ նշեց, որ դատավարությունից հետո չի հանդիպել իր պաշտպանյալին եւ մեկ ամիս դեռ կա վերջնական որոշում կայացնելու համար: “Գուցե նա դեմ լինի, քանի որ օրենքով 1/3 նրան հասնում է, եւ գուցե չուզի ավելորդ քաշքշուկի մեջ մտնի”,-ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, որ ըստ Քրօրենսգրքի, ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործությունների համար դատապարտված անձը պայմանական վաղաժամկետ կարող է ազատվել` կրելով նշանակված պատժի առնվազն 1/3-ը: