Սյունիքի մարզպետը հույժ գաղտնի` օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել
Henaran.am-ի տեղեկություններով, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը երեկ Սիսիանում ընկերական օպերատիվ հույժ գաղտնի խորհրդակցություն է անցկացրել մի քանի հոգու հետ, որոնց խոսքը Սիսիանում “անցնում” է:
Հավաքին Սյունիքի մարզպետը հայտարարել է, որ ՀՀԿ-ի Սիսիանի նախընտրական շտաբը ղեկավարելու է Եկրապահ կամավորականների միության վարչության անդամ Աշոտ Մինասյանը: Վերջինս Սիսիանի մաքսատան տնօրենն է:
Երկրապահ Աշոտ Մինասյանի վարկանիշը վերջերս ընկել է: Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների` անցած տարի մարտին Սիսիանում կայացած մի քեֆի ժամանակ երկրապահ Աշոտը գինովցել էր եւ ատրճանակ պահելով կանանց վրա` անվայել խոսքերով ստիպել պարել:
Նրան փորձել է սաստել Սիսիանի դատախազը, սակայն Աշոտ Մինասյանը վեճի էր բռնվել նաեւ նրա հետ: Միաջադեպը հարթել էր Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը:
Նշենք, որ Աշոտ Մինասյանը հերքում է, որ նման միջադեպ է եղել ու ժամանակին դրանք ստահոդ տեղեկություններ է որակել: