Վահան Հովհաննիսյանը դեմ չէ, որ գործարարները խորհրդարան գան, բայց եթե եկան…
“Ոչ նախագահը, ոչ վարչապետը, ոչ էլ ԱԺ նախագահն իրավունք չունեն շրջանցելով Սահմանադրությունը` որոշել քաղաքացիների ինչ-որ կատեգորիաներ, որոնց խորհրդարան կարելի է կամ չի կարելի գալ”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՅԴ-ական Վահան Հովհաննսիյանը` անդրադառնալով այն դիտարկմանը, թե իշխանությունները հայտարարում են, որ օլիգարխներ չեն լինելու խորհրդարանում:
Վահան Հովհաննսիսյանի խոսքով, ով ուզում ես եղիր, եթե Հայաստանի քաղաքացի ես, օրենքների պահանջներին բավարարում ես, կարող ես խորհրդարան գալ, բայց եթե եկար, բիզնեսմեն ես` բիզնեսով չպիտի զբաղվես, օլիգարխ ես` պիտի հրաժարվես:
“Կարծես թե դու անցնում ես մի նոր աշխատանքի եւ պիտի հրաժարվես նախորդից: Այ, եթե իրենք կարողանան դա ապահովել, մենք կասենք բրավո, բայց ի սկզբանե ասելով` մենք օլիգարխ չենք բերի… ինչի՞ չեք բերի, որովհետեւ էնքան թույլ եք, որ նրա գալու պարագայում չե՞ք կարող նրան պարտադրել”,-հարցադրում է արել ՀՅԴ-ական պատգամավորը եւ հայտարարել, որ այդ հայտարարություններին քմծիծաղով է վերաբերվում:
Վահան Հովհաննիսյանը ասաց, որ գործարարները կարող են խորհրդարան մտնել մեծամասնականով, ուստի այս համակարգը պետք է վերացնել, որ կուսակցություններն իրենց ցանկերով պատասխան տան:
Ի դեպ, նկատենք, որ գործող խորհրդարանում ՀՅԴ խմբակցությունում նաեւ գործարար պատգամավորներ կան, որոնցից է Արայիկ Գրիգորյանը/Ավշարի Արայիկ/: Ըստ մամուլի հրապարակումների, վերջինիս եւ ՀՅԴ-ի հարաբերություններն այնքան էլ հարթ չեն եւ հնարավոր է, որ նա չլինի ՀՅԴ ցուցակում:
Henaran.am –ի հարցին, թե ինչպիսին են ՀՅԴ-ի հարաբերությունները Արայիկ Գրիգորյանի հետ, Վահան Հովհաննիսյանը պատասխանել է. “Աշխատանքային: Նա մեր ֆրակցիայի անդամ է”: