Դիմելու են հանրապետության նախագահին. կոչումը Խաչատուրովի մենաշնորհը չէ
Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, պաշտպանության նախարարության ենթակայությամբ գործող հաստատություններում ծառայող կանայք որոշել են նամակով դիմել հանրապետության նախագահին:
Նրանց խոսքով, ԶՈւ շտաբի պետ Յուրի Խաչատուրովը պարզապես չի թույլատրում ենթասպա կանանց կոչումները բարձրացնել:
“Նա միայն իր մտերմուհիներին է բարձաստիճան կոչումներ շնորհում”,-մեր զրույցում նշեցին կանայք, որոնք առայժմ չեն ցանկանում ներկայանալ:
Ծառայող կանայք համոզված են, որ “զինվորական կոչում շնորհելը Խաչատուրովի մենաշնորհն չէ, եւ նա պետք է ներկայացնի պարգեւատրման:
Ի դեպ, նրանք հավաստիացրին, որ Պաշտպանության նախարարությունում շարունակվում է իրավիճակը լարված մնալ, քանի որ հակասություն կա պաշտպանության նախարարի եւ ԶՈՒ շտաբի պետի միջեւ:
Հարցի առնչությամբ Henaran.am-ը փորձեց պարազաբանումներ ստանալ ՀՀ պաշտպանության նախարարությունից:
“Ինչ վերաբերում է ենթասպա կանանց սպայական պաշտոնների նշանակմանը, ապա նախ պետք է ասեմ, որպես խրախուսում` նման բան գոյություն չունի: Ենթասպա զինծառայողները, այդ թվում կանայք` սպայական պաշտոնների կարող են նշանակվել թափուր պաշտոնների դեպքում:
Կանանց պարագայում, գոյություն ունի որոշակի սահմանափակում, քանի որ որպես կանոն կանայք չեն նշանակվում մարտական խնդիրներ իրականացնող պաշտոններում, ինչը ենթադրում է որոշակի ֆիզիկական ծանրաբեռնվածություն: Ավելին, այն սպայական հաստիքները, որ կարող են զբաղեցնել կանայք, պահանջում են որոշակի հստակ չափանիշներ, օրինակ, բարձրագույն կրթության առկայություն:
Եւ եթե ենթասպա զինծառայողը չի բավավարում այդ չափանիշներին, ապա նա չի կարող նշանակվել սպայական պաշտոնի` անկախ զինված ուժերում նրա ծառայության ստաժից”,-Henaran.am-ին ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը:
Ինչ վերաբերում է նախարարի եւ ԶՈՒ շտաբի պետի միջեւ եղած հակասություններին, ապա ըստ մամուլի խոսնակի, Սեյրան Օհանյանը տարբեր առիթներով բազմիցս հերքել է այդ ասեկոսեները: