Հրանտ Մարգարյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
‘’ՀՅԴ-ն հավաքագրելու է մինիմում 2000 կամավորների, որոնք խորհրդարանական ընտրությունների ժամանակ, որպես ՀՅԴ վստահված անձ կլինեն ընտրատեղամասերում’’,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը` խոսելով առաջիկա ընտրությունների մասին:Նրա խոսքով` հիմնական ընտրախախտումները լինում են այն ժամանակ, երբ քվեարկում են մեռած կամ բացակա մարդկանց փոխարեն:
‘’Մենք ասում ենք` ընտրության մասնակցող մարդկանց ցուցակը պետք է հրապարակվի, սակայն այդ առաջարկը չի ընդունվում, իբրեւ թե գաղտնիության գործոնը վտանգի տակ է դրվում: Բայց կարելի է չէ՞ ներքին կարգով կուսակցությունների մեկական ներկայացուցիչներով քննել այդ ցանկը’’,-առաջարկում է Հրանտ Մարգարյանը` հավելելով, որ երբ ՀՅԴ-ն կոալիցիայի կազմում էր, անգամ այդ ժամանակ այդ առաջարկը չի ընդունվել:
Ինչ վերաբերում է ՀՅԴ պատգամավորական ցուցակին, Հրանտ Մարգարյանն ասաց,որ չի կարծում, թե ինքը զբաղեցնելու է ցուցակի առաջին տեղը: Իսկ առհասարակ, ՀՅԴ գործիչը չի հավակնում պատգամավորական մանդատին, չի ուզում խորհրդարան գնալ, քանի որ այնքան գործեր ունի անելու, որ խորհրդարան գնալու անհրաժեշտությունը մարում է:
Անդրադառնալով առաջիկայում ՀՅԴ մասնակցությամբ կոալիցիայի ստեղծման հավանականությանը, Հրանտ Մարգարյանն ասաց, որ մեծ հաշվով քաղաքական կյանքում ոչինչ բացառել հնարավոր չէ:
‘’Օրինակ, եթե Աստված չանի, պատերազմ լինի, իհարկե, քաղաքական ուժերը պարտավոր են համախմբվեն, իսկ առհասարակակ, կարծում եմ, ՀՅԴ-ի շուրջը կհամախմբվեն` կոալիցիա ստեղծելու համար’’,- ասաց Հ.Մարգարյանը:
Այն հարցին` իմաստ ունի՞ արդյոք պայքարել արդար ընտրությունների համար եւ գնալ ընտրության, եթե ինքն էլ մտածում է, որ ընտրությունները կեղծվելու են, Հ.Մարգարյանը կարծիք հայտնեց.’’ Ամեն դեպքում մենք պետք է գնանք ընտրության, այն հույսով, որ ընտրությունները նորմալ կանցնեն, հակառակ դեպքում հարեւանս ինձ չի՞ հանդիմանի, թե դու ամբողջ տարին ասում ես, որ ընտրությունները կեղծվելու են, էլ ինչո՞ւ գնամ ընտրության, լավ է ` վերցնեմ 5000 դրամը’’:
Հրանտ Մարգարյանը չհերքեց, որ պարբերաբար անձնական հանդիպումներ է ունենում Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ: Ասաց, որ նրանց հետ ճանապարհ է անցել, եւ ճիշտ չէ քաղաքական հայացքների պատճառով բացառել անձնական շփումները: Նրա խոսքով` վերջին հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ է եղել, մեկ շաբաթ առաջ, հանդիպել են ու բանավիճել, քննարկել ընտրությունների թեմայով: Նա նաեւ փոքրիկ գաղտնիք բացեց.’’ Բոլոր քաղաքական գործիչներն էլ իրար հանդիպում են, նախագահի հետ հանդիպում են, պարզապես չեն խոստովանում’’:
Henaran.am-ի այն հարցին, ի՞նչ պետք է անի հայկական կողմը` դիմագրավելու համար այս օրերին աշխարհում ընթացող ադրբեջանական հակահայկական քարոզչությանը` մասնավորապես Խոջալույի դեպքերի հետ կապված, Հրանտ Մարգարյանը կարծիք հայտնեց, որ քարոզչական պատերազմում մենք չափից շատ ենք հետ ընկել: Հարցին` արդյոք ՀՀ ԱԳՆ-ն թերանում է, Հ.Մարգարյանն ասաց.’’ Չեմ սիրում թերացումների մեջ կոնկրետ սուբյեկտներ մատնանշել, բայց, այո, արտգործնախարարությունը թերանում է’’: