ԲՀԿ-ում ձայները կբաժանվեն
Փետրվարի 28-ին խորհրդարանը արտահերթության կարգով կքննարկի ԱԺ “Ժառանգություն” եւ ՀՅԴ խմբակցությունների պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանի, Արծվիկ Մինասյանի, Վահան Հովհաննիսյանի, Արմեն Մարտիրոսյանի հեղինակած “ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին” օրինագիծը, որով առաջարկվում է խառը ընտրակարգից անցում կատարել հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի:
Նախագծի շուրջ, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Henaran.am-ը, խորհրդարանական լսումներ կազմակերպվեցին: Ի դեպ, լսումների անցկացման նախաձեռնությանը միացել էր նաեւ ԱԺ ”Բարգավաճ Հայաստան” խմբակցությունը, սակայն լսումների ժամանակ ԲՀԿ-ական որոշ պատգամավորներ հայտարարել էին, որ դեմ են այս փուլում հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելուն:
Henaran.am-ն այսօր զրուցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ` պարզելու ԲՀԿ-ի դիրքորոշումը նախագծի վերաբերյալ: Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ հարցը մի քանի անգամ քննարկվել է խմբակցության նիստերին եւ չորեքշաբթի օրը` հարցի քվեարկությունից առաջ, վերջնական քննարկում կկազմակերպվի: Նաիրա Զոհրաբյանի խոսքով, քննարկումների ընթացքում կրկին հղում է արվել ԲՀԿ ծրագրին, որտեղ նշվում է, որ ԲՀԿ-ն կողմ է հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին աստիճանական անցմանը, ինչ վերաբերում է այս փուլին, կողմ լինելով հանդերձ հարյուր տոկոսանոց համամասնական համակարգին` որպես գերակա խնդիր, խմբակցությունում տեսակետները տարբեր են:
“Դուք լսումների ժամանակ նկատեցիք, որ մեր որոշ գործընկերներ, կողմ լինելով հարյուր տոկոսանոց համամասնականին, գտնում են, որ ընտրություններից երկու ամիս առաջ խաղի կանոն փոխելը ճիշտ չէ: Կա նաեւ պատգամավորների խումբ, որոնց թվին պատկանում եմ նաեւ ես, որոնք գտնում են, որ օր առաջ փոփոխությունը պետք է կատարվի, եթե մենք ուզում ենք նեղացնել ընտրակեղծարարության սողանցքը”,- Henaran.am-ին ասաց Նաիրա Զոհրաբյանը: ԲՀԿ-ական պատգամավորը հավելեց, որ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը լսելով խմբակցության պատգամավորների տեսակետները, առաջարկել է ազատ քվեարկություն դրսեւորել: “Դա ներքին դեմոկրատիայի շատ կարեւոր ցուցիչներից մեկն է: Յուրաքանչյուրը կքվեարկի իր խղճի մտոք”,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Մեր հարցին, թե ինչպիսին է Գագիկ Ծառուկյանի դիրքորոշումն այս հարցում, Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե ճիշտ կլինի հարցն ուղղել պարոն Ծառուկյանին: Ի դեպ, ԲՀԿ խմբակցության 26 պատգամավորներից 9-ը` ԲՀԿ նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահ Սամվել Բալասանյանը, Ռոբերտ Թովմասյանը, Վերսանդ Հակոբյանը, Մխիթար Հարությունյանը, Հրանտ Մադաթյանը, Մելիք Մանուկյան, Տիգրան Ստեփանյանը եւ Աշոտ Տոնոյանը խորհրդարան են եկել մեծամասնական ընտրակարգով:
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 28 ընտրատարածքից/Աբովյանից/: