24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Զոհված զինծառայողի մայրը բաց նամակով դիմում է ոստիկանապետին

ՀՀ ԶՈւ սպանված զինծառայող Վալերի Մուրադյանի մայր Նանա Մուրադյանը բաց նամակով դիմել է Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:

Հիշեցնենք, որ “Բանակն իրականում” նախաձեռնության կազմակերպած ակցիայի ժամանակ, անցած հինգշաբթի, երբ զոհվածների հարազատներն ու ակտիվիստները երթ անցկացրին դեպի ՀՀ նախագահի նստավայր, Նանա Մուրադյանը հայտարարել էր, թե ոստիկաններից մեկը նախագահի նստավայրի մոտ հրել է իրեն եւ ճմրթել որդու լուսանկարը:

Նամակում մասնավորապես ասվում է. “ Պարոն Գասպարյան, 2012թ. փետրվարի 23-ին Կառավարության շենքի դիմաց` սպանված զինվորների ծնողների հետ կազմակերպել էինք բողոքի ակցիա, որի ժամանակ խաղաղ պայմաններում սպանված զինվորների ծնողները եւ “Բանակն իրականում” քաղաքացիական նախաձեռնությունը ուղեւորվեցին դեպի նախագահական` պահանջելով բանակային գործերի դատաքննության թափանցիկության ապահովումը:

Ես` Ղարաբաղում սպանված զինվորի մայր Նանա Մուրադյանս, քիչ ուշացումով հասա նախագահական, մոտեցա դարպասներին, պարզեցի որդուս լուսանկարը, որպեսզի ճաղերից այն կողմ մեր երկրի նախագահը տեսնի եւ հիշի, որ ինքը 2011թ-ի հունվարի 27-ի իր տված խոստումները չի կատարել եւ ոչ մի զինվորի սպանության գործ չի բացահայտվել, մեղավորները չեն պատժվել: Այդ ժամանակ 4-5 ոստիկան մոտեցան ինձ եւ հրելով ասացին, որ փողոցն այն կողմ անցնեմ: Ես նրանց ասացի, որ հիմա կանցնեմ, միայն թող իմ որդու նկարը տեսնի Սերժ Սարգսյանը, որ հիշի մեզ ու իր տված խոստումները: Այդ ժամանակ ոստիկանները սկսեցին հրել ինձ:

Երբ ես ասացի` դուք ո՟վ եք, որ ինձ հրում եք, նրանցից մի ոստիկան հարվածեց թեւիս, որդուս նկարը ձեռքիցս խլեց ու ճմռթեց: Ես նրա ձեռքից քաշեցի որդուս նկարը. բարեբախտաբար նկարը շատ չէր ճմռթվել: Ես ոստիկանին ասացի, որ միգուցե իրեն կներեի ինձ հարվածելու, հրելու համար, բայց երբեք չեմ ների իմ սրբությունը, որդուս` Վալերի Մուրադյանի, նկարը անարգելու, անխղճաբար ճմռթելու համար: Ես պահանջեցի մի քանի անգամ, որպեսզի այդ ոստիկանը ներկայանա, սակայն, նա չներկայացավ:
Այժմ ես դիմում եմ Ձեզ, որպեսզի պատժվի եւ գործից հեռացվի այն ոստիկանը, որը անարգել է որդուս հիշատակը:

Կից ներկայացնում եմ լուսանկարները, որում պատկերված է այդ ոստիկանը:
Ղարաբաղում խաղաղ պայմաններում սպանված զինվոր`
Վալերի Մուրադյանի մայր` Նանա Մուրադյան”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ