100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ նախագծի քննարկումն սկսվեց
Քիչ առաջ խորհրդարանն արտահերթության կարգով սկսեց քննարկելԱԺ “Ժառանգություն” և ՀՅԴ խմբակցությունների` ԸՕ փոփոխություններ կատարելու և 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը: Հարցը ներկայացնում է հիմնական զեկուցող “ժառանգության” պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:
Վերջինիս խոսքով, եթե ՀՀԿ-ն կողմ լիներ այս նախաձեռնությանը, ապա դեմ լինող չէր լինի: Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն հայտարարում է, թե իր համամասնական ցուցակում գործարարներ չեն լինելու, մյուս կողմից նրանք առաջադրվելու են մեծամասնական ընտրակարգով: “Եթե իսկապես ցանկանում եք իշխանությունը բիզնեսից տարանջատել, արդար, թափանցիկ ընտրություններ անցկացնել, ապա պետք է ընդունեք այս նախաձեռնությունը”,-շարունակեց պատագամվորն ու հավելեց, թե հակառակ դեպքում այս հայտարարությունները գեղեցիկ խոսքերի շարան են:
Արմեն Մարտիրոսյանը հավելեց, թե մեծամասնական ընտրակարգը ապահովում է իշխանության թվացյալ կայունությունը: Պատգամավորն ասաց նաեւ, որ 100%-անոց համամասնական ընտրակարգը կատարյալ չէ, սակայն մեծամասնական համակարգը մեզ մոտ դարձել է ֆեոդալական համակարգ:
Արմեն Մարտիրոսյանը նշեց, թե ոչինչ ոչնչի չի հակասում, ինչի մասին, ըստ նրա, վկայում է այն, որ օրինակ` “Ժառանգություն” խմբակցության երեք ներկայացուցիչ 2007-ին անկուսակցական էին: Արմեն Մարտիրոսյանը հիշեց նաեւ Երեւանի ավագանու ընտրությունները, որոնք անցան 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգով ու նշեց, թե այն ժամանակ որեւէ մեկը չբողոքեց դրա դեմ, թե խախտվում է քաղաքացու սահմանադրական իրավունքը:
ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը ցիտելով Սահմանադրության 65-րդ հոդվածը, որը սահմանում է, թե ով կարող է ԱԺ պատգամավոր դառնալ, հետաքրքրվեց զեկուցողից, թե արդյոք նախագիծը չի հակասում այս հոդվածին:
Հիշեցնենք, որ այսօր Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների Ազգային Ժողովին հարակից հատվածներում, ժամը 14:00-ից մինչև 16:30-ը, “Ժառանգությունը”, ՀՅԴ-ն և Հայ ազգային կոնգրեսը հավաք են կազմակերպել` ի պաշտպանություն նախագծի: