Եթե խաղի կանոնների փոփոխությունից կշահի խաղը, այն պետք է մեկ օր առաջ արվի. Ստյոպա Սաֆարյան
“Ես չեմ կարծում, թե էս երկրում առանց որեւէ բախումների կարող է լինել իշխանափոխություն: Էն հայտարարությունները, թե մի օր էլ դուք իշխանություն կդառնաք, դա էն օպերայից է, որ պետք չէ էս դահլիճում կատարել”,-այսօր 100տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ նախագծի քննարկմանը հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հանդես գալով նույն հարցի վերաբերյալ ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը խորհրդարանական ընդդիմությանը հիշեցրել էր, որ մի օր էլ իրենք կլինեն իշխանության ղեկին եւ խորհրդարանական կայուն մեծամասնությա ն անհրաժեշտություն կունենան: ՀՅԴ-ական մեկ այլ պատգամավոր` Արմեն Ռուստամյանն էլ հայտարարեց, թե քաղաքական մեծամասնությունը դեմ լինելով 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին, ուզում է թաքցնել այն իրողությունը, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընդդիմությունը դուրս է մղվում:
Իր ելույթներում ԱԺ ԲՀԿ-ական փոխխոսնակ Սամվել Բալասանյանը գործընկերներին հորդորեց մեծամասնականով ընտրված պատգամավորներին որակումներ չտալ ու նշեց, որ ինքը բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ է ներկայացրել եւ իր նման շատ պատգամավորներ կան դահլիճում: Նա շեշտեց, որ խաղի կանոնները փոխել այս փուլում ճիշտ չի համարում: Իսկ Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ կայացած խորհրդարան ունենալու ճանապարհը 100 տոկոսանոց համակարգին աստիճանական անցումն է:
“Ժառանգություն” խմբակցության ղեկավարն էլ հայտարարեց, որ եթե Հայաստանին անհրաժեշտ է մեկ օր առաջ փոխել խաղի կանոնները, որից կարող է շահել խաղը, այդ փոփոխությունը պետք է արվի մեկ օր առաջ: Ըստ նրա, հանուն ՀՀ ժողովրդավարացման, երբեք էլ ուշ չէ այդ քայլին գնալ: Արմեն Մարտիրոսյանն էլ հորդորեց քաղաքական մեծամասնությանը վաղը կողմ քվեարկել նախագծին: