Երկու օր է` ՕԵԿ-ական պատգամավորները ԱԺ քննարկումներին չեն մասնակցում
Ազգային ժողովի չորրորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական քառօրյայի երկրորդ օրն ավարտին է մոտենում: Խորհրդարանականներն այս պահին հանդես են գալիս հայտարարություններով: Ինչպես միշտ, ակտիվ են “Ժառանգության” եւ ՀՅԴ-ի պատգամավորները:
ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանը հանդես եկավ Մոսկվայում անցած շաբաթ կայացած հայ եւ ադրբեջանցի մտավորականների հանդիպման մասին պատմող հայտարարությամբ, իսկ ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը անդրադարձավ ՀՀԿ-ի նախընտրական ծրագրի նպատակներին ու շեշտեց, որ ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրը լինելու է հասարակության ծրագիրը եւ համապատասխանելու է հասարակության նպատակներին:
Մյուս պատգամավորների ելույթները եւս սպասվող նախընտրական մեկնարկին, ինչպես նաեւ Սումգայիթի ողբերգությանն են վերաբերվում:
Խորհրդարանական այսօրվա նիստն, ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը բավականին բուռն անցավ: Ակտիվ քննարկումներ ծավալվեցին թե “Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” նախագծի, թե ԸՕ-ում փոփոխություններ կատարելու եւ հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգ հաստատելու մասին խորհրդարանական ընդդիմության ներկայացրած նախաձեռնության շուրջ:
Այս քառօրյան, ի դեպ, պատգամավորների մասնակցության առումով ակտիվ է: Նկատենք, որ խորհրդարանական քննարկումներին այսօր չմասնակցեցին ԱԺ ՕԵԿ խմբակցության ներկայացուցիչները, որոնք ԱԺ դահլիճում երեւացին միայն նիստի մեկնարկին : Henaran.am-ի թղթակցի փոխանցմամբ, ՕԵԿ-ական պատգամավորներն ԱԺ նիստերի դահլիճում չեն նկատվել նաեւ ԱԺ երեկվա նիստին: