100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու նախագիծը չանցավ
Այսօր խորհրդարանը քվեարկության դրեց երեկ քննարկված նախագծերը, այդ թվում Խորհրդարանական ընդդիմության`”Ժառանգության” և ՀՅԴ-ի նախաձեռնած Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու և 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը:
Մինչ քվեարկությունը վարման կարգի վերաբերյալ ելույթով հանդես եկավ “Ժառանգության” պատգամավոր Լարիսա Ալավերդյանը եւ հայտարարեց, որ երեկվա քննարկումներն այն եզրակացության հանգեցրին, որ ՀՀԿ-ն ձգտում է մի խումբ իշխանավորների կայունության:
“Ժառանգություն” կուսակցությունը համաձայն չէ այդպիսի հիմնավորման հետ և գտնում է, որ կայունությունը երկրում ապահովում է քաղաքական ուժերի ռոտացիան, նրանց հերթով փոփոխությունը”,-հայտարարեց Ալավերդյանը եւ կոչ արեց կողմ քվեարկել փոփոխություններին:
30 կողմ, 56 դեմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ նախագիծը չանցավ :
Հիշեցնենք, որ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը, որը նախաձեռնության սկզբում սատարել էր 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցելու գաղափարը, հայտարարեց, որ քվեարկելու է ազատ:
Henaran.am-ին ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ավելի վաղ ասել էր, որ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ասել է, որ քվեարկեն “խղճի մտոք”: