Հրայր Թովմասյանն իր անունը գրավ է դնում ու հայտարարում` օրենքում դավ չկա
“Ես չեմ ուզում հավատալ, որ քաղաքական ընդդիմության փաստարկները հենց այն էին, ինչ-որ կան, որովհետև, կներեք, դրանք թույլ էին”,-այսօր խորհրդարանում “”Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” օրինագծի շուրջ իր եզրափակիչ ելույթում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ու հավելեց, որ ուզում է, որ երկրի ընդդիմությունը ուժեղ լինի:
Հիշեցնենք, որ օրինագիծը խորհրդարանական ընդդիմության եւ ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի քննադատությանն արժանացավ: Վերջիններս դեմ են արտակարգ դրության ժամանակ զինված ուժերի ներգրավմանը:
Հրայր Թովմասյանն ասաց, որ ԱԺ դահլիճում հնչեցված շատ տեսակետներ նախընտրական երանգներ էին պարունակում, մինչդեռ օրինագծում դրված խնդիրները շատ ավելի կարևոր են: “Ես ուզում եմ հավատալ, որ մեր ընդդիմախոսները, ինչպես մենք, մտահոգ ենք մեր երկրի վաղվա օրվա ինչպիսիությամբ”,-ասաց Հ.Թովմասյանը:
Նախարարը մեկ անգամ եւս հայտարարեց , որ արտակարգ դրությունը, բացի սահմանադրական կարգի պահպանումից , այլ նպատակի ծառայել չի կարող: Հրայր Թովմասյանի խոսքով, շատերն այս օրինագծին մոտենում են ոչ հեռավոր անցյալի տխուր իրադարձությունների ազդեցության տակ եւ իրենցից անկախ` ենթատեքստ կամ դավ են տեսնում կառավարության կողմից:
“Ես սա հասկանում եմ եւ գնահատում եմ այդ մարդկանց մտահոգված լինելը, որեւէ կասկած չունեմ, որ իրենց մտահոգությունը բխում է երկրի շահերից, բայց ես իմ անունը դնում եմ որպես գրավ և հավաստում, որ չկա կառավարության կողմից որևէ դավ այս օրենքի ընդունման հետ կապված”,-հայտարարեց Հրայր Թովմասյանը:
Նա նշեց, որ ժամանակն է լինելու այս բանավեճի դատավորը: “Թող ոչ ոք չմտածի, որ այս օրինագծի հեղինակներից ավելի հայրենասեր է և ավելի մտահոգ է մեր երկրի վաղվա օրվա համար”,-եզրափակեց արդարադատության նախարարը:
Նախագծի քվեարկությունը տեղի կունենա մարտի մեկին: