ՀՀԿ նախընտրական ծրագրի հիմքում լինելու է քաղաքացու կյանքի որակի բարձրացումը
Աղքատության հաղթահարման խնդիրը լինելու է Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի գերակա ուղղություններից մեկը: Այս մասին փետրվարի 29-ին Հրազդանում հայտարարել է ՀՀ վարչապետ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանը` տեղի կուսակիցների, հասարակական ակտիվ զանգվածի և մտավորականության հետ ՀՀԿ-ի նախընտրական ծրագրի մշակմանն ուղղված քննարկումների ժամանակ:
“Մենք պետք է նման հանդիպումների արդյունքում բացահայտենք մեր հետագա կարևորագույն գործողությունները, սկզբունքներն ու խնդիրները, որոնք կներառվեն ՀՀԿ նախընտրական ծրագրում: Մենք մեր ընտրողների, կուսակիցների հետ մշտապես խոսում ենք բաց և ազատ, ներկայացնում մեր խնդիրներն ու առաջնահերթությունները: Սա է առկա խնդիրների լուծման հիմնական երաշխիքը”,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը նշել է, որ անհրաժեշտ են փոփոխություններ, որոնք առնչվելու են յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցիկ կյանքի ապահովմանը: Այդ առումով, ՀՀԿ նախընտրական ծրագրի ուշադրության կենտրոնում լինելու է քաղաքացին և երկրի տնտեսական ներուժի բարձրացումը:
Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ իրականացվելու է արդյունաբերական քաղաքականություն` միտված ժամանակակից աշխատատեղերի ստեղծմանը:
Գյուղատնտեսության ոլորտում գյուղացուն ցուցաբերվելու է առարկայական օժանդակություն` գյուղմթերքների իրացման և դրանց արժեքի նվազեցման առումով: Շարունակվելու են սերմերի, դիզվառելիքի, պարրատանյութի սուբսիդավորման ծրագրերը: Գյուղացուն հնարավորություն է տրվելու լիզինգային տարբերակով ձեռք բերել գյուղտեխնիկա: “Գյուղում և, ընդհանրապես, մարզերում ապրելը պետք է լինի հարմարավետ: Մեր ծրագրերն ուղղված են լինելու տարածքային համաչափ զարգացմանը: Կապիտալ ներդրումներն ուղղվելու են մարզերին` ենթակառուցվածքների զարգացման նպատակով”,- նշել է Տիգրան Սարգսյանը:
ՀՀԿ նախընտրական ծրագրի սոցիալական քաղաքականության նպատակն է լինելու անապահով ընտանիքների անդամների համար կրթության և աշխատանքի հասանելիության ապահովումը:
Պատասխանելով կենսաթոշակների բարձրացմանը վերաբերող հարցին` Տիգրան Սարգսյանը նշել է, որ հանրապետությունում նվազագույն կենսաթոշակը պետք է կազմի 45-50 հազար դրամ: “Մեր թիրախն է նվազագույն կենսաթոշակի չափը հավասարեցնել երկրի միջին աշխատավարձի 40 տոկոսին: Այժմ միջին աշխատավարձը կազմում է 110 հազար դրամ, ինչը նշանակում է, որ նվազագույն կենսաթոշակի չափը պետք է կազմի 45-50 հազար”,- ասել է վարչապետը: Ապագայում էլ թոշակների բարձրացումը լինելու է առաջնային նպատակ:
Քաղաքացու համար բուժօգնության հասանելիությունը ևս ծրագրային գերակա ուղղություններից մեկն է լինելու: «Մեր խնդիրն է հինգ տարիների ընթացքում ողջ հանրապետությունում ներդնել առողջության ապահովագրման համակարգ, բարձրացնել բուժծառայությունների որակը: Քաղաքացին պետության օժանդակությամբ հնարավորություն է ստանալու իրականացնել սրտի վիրահատություն, ստանալ օնկոլոգիական բուժօգնություն, որոնք բավականին թանկ արժեն”,- ասել է վարչապետը:
Անդրադառնալով նախորդ տարիների ընթացքում կատարված աշխատանքներին` Տիգրան Սարգսյանը նշել է, որ չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամին, ռուս-վրացական պատերազմին` պետությունը կարողացել է իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք մեղմել են հասարակության վրա հնարավոր բացասական ազդեցությունները:
“Մեր կարևորագույն խնդիրներից մեկը` տարածաշրջանում խաղաղության ապահովումը, իրականացվել է հստակ կերպով: Դրա գլխավոր երաշխիքը մեր սպառազինության մակարդակի բարձրացումն ու համալրումն էր: Վերջին հինգ տարիների ընթացքում այնքան զենք-զինամթերք է ձեռք բերվել, որքան նախորդ 15 տարիներին”,- ասել է վարչապետը` համոզմունք հայտնելով, որ սա է հակառակորդին խաղաղություն պարտադրելու գաղտնիքը:
Հանդիպման ընթացքում հնչել են բազմաթիվ առաջարկություններ, որոնք տեղ կգտնեն ՀՀԿ նախընտրական ծրագրում: