Բագրատ Ասատրյանը գիտի` ով է մարտի 1-ին կրակելու հրաման տվել
‘’Ուզում էի այսօր գայի, ու բոլորիդ շնորհավորեի գարնան առաջին օրվա կապակցությամբ, սակայն մեր օրացույցում իշխանությունները սեւ օր ավելացրեցին’’,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ անդամ, Կենտրոնական Բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:
Նա նշեց, որ թեեւ մարտի 1-ի դեպքերից 4 տարի է անցել, սակայն “իշխանությունները ոչինչ չեն արել այդ էջը փակելու համար”:
Նրա խոսքով` այդ օրը հասարակությանը պատժելու համար կոնկրետ մարդիկ կոնկրետ կրակելու հրաման են ստացել մեկ ‘’այլանդակ’’ կետից:
‘’Ես նույնիսկ գիտեմ, թե ով է հրամայել, ինչ այլանդակ տոնով է հրամայել եւ ինչ է ասել’’,- ասաց Բագրատ Ասատրյանը`այդպես էլ անուններ չհրապարակելով:
Անդրադառնալով ներքաղաքական կյանքին, Ասատրյանը նշեց, թե գնում է ոչ թե գաղափարների, այլ վարչական եւ ֆինանսական ռեսուրսների պայքար:
‘’Չկա գաղափարական ծրագրերի պայքար, վերցրեք ԲՀԿ ծրագիրը, դա նույն ՀՀՇ-ի ծրագիրն է` նույն առանցքային կետերով, միայն շարադրանքի ձեւն է փոխված’’,- ասաց Բագրատ Ասատրյանը: Բագրատ Ասատրյանը մեղադրեց Ռոբերտ Քոչարյանին` քաղաքական կուսակցությունները անձերին ‘’նվիրաբերելու’’ համար:
‘’Ով կարող է ասել, որ դա այդպես չէ, Քոչարյանը ռամկավարներին նվիրեց Աբրահամյանների ընտանիքին, Դաշնակցությանն էլ ուզում էր նվիրել Հրանտ Վարդանյանի ընտանիքին, պարզապես Դաշնակցությունը այնքան ներքին ուժ ունեցավ ու դիմադրող դուրս եկավ, որ այդ երեւույթը տեղի չունեցավ’’,- ասաց Բագրատ Ասատրյանը:
Henaran.am-ի այն հարցին, կընգրկվի արդյոք ինքը ՀԱԿ ցուցակում, Բագրատ Ասատրյանն ասաց, որ ինքը նման ցանկություն չունի, քանի որ իրեն ավելի շատ տեսնում է քաղաքացիական հասարակության ոլորտում: