Գալուստ Սահակյանն ասաց, թե ում հետ եւ ինչ տարաձայնություններ կային
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը Henaran.am-ի հետ զրույցում պարզաբանումներ ներկայացրեց այսօր առավոտյան “Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” օրինագծի քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում խնրդելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Գալուստ Սահակյանը լրագրողներին ասել էր, որ կոալիցիայի ներսում տարաձայնություններ կային, ինչի կապակցությամբ էլ ընդմիջում խնդրեց:
“Նիստերի դահլիճը տեսնելով` զգացի, որն ինչ-որ խնդիրներ կան, որոշեցի պարզել: Մեծ խնդիրներ չէին, հետո համաձայնեցված նորից մասնակցեցինք նիստին: Խնդիրը կոնկրետ օրինագծին եւ առաջարկություններին էր վերաբերվում: Տարակարծություններ կային ոչ թե ընդհանուր մոտեցումների առումով, այլ օրենքն ամբողջությամբ չընկալելու: Փորձեցինք այս կարճ ժամանակում բացատրելի դարձնել”,-Henaran.am-ին ասաց Գալուստ Սահակյանը:
Մեր հարցին, թե կոալիցիոն ո՞ր գործընկերոջ` ՕԵԿ-ի, թե ԲՀԿ-ի հետ տարակարծություններ կային, Գալուստ Սահակյանը պատասխանեց.”Ընդհանուր, նաեւ մեր ներսում: Պետք է թիմին կարողանայիր պարզաբանումներ տալ, թե խնդիրն ինչումն է”: Գալուստ Սահակյանը բացառեց այն խոսակցությունները, թե ՀՀԿ-ն ընդմիջում վերցրեց, որովհետեւ քվորումի ապահովման խնդիր կարող էր ունենալ: “Ես կարծում եմ դրանից հետո դահլիճում ինչ-որ մարդիկ չավելացան: Նույն մարդիկ էին, որոնք մինչ ընդմիջումը նստած էին”:
Հավելենք, որ “Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” լրամշակված օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց ձայների 67 կողմ, 1դեմ եւ 0 ձեռնպահ հարաբերակցությամբ: