Տիգրան Հակոբյանի խափանման միջոցը փոխվեց
ՀՀ գլխավոր դատախազությունից Henaran.am-ին տեղեկացնում են, որ ՀՀ գլխավոր դատախազության որոշմամբ փոփոխվել է Տիգրան Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը եւ 01.03.12թ. նա ազատ է արձակվել:
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը տեղեկացնում ենք, որ, քննարկելով քրեական գործի նյութերը, քրեական գործի նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը պարզել է, որ Տ.Հակոբյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի` 184.224.060 ՀՀ դրամ հափշտակություն կատարելու համար: Նախաքննության փուլում Տ.Հակոբյանը վերականգնել է “Ագրոհոլդինգ” ՍՊ ընկերությանը պատճառված վնասից 10.000.000 մլն. դրամ գումարը եւ պատրաստակամություն հայտնել ազատության մեջ գտնվելու դեպքում շարունակել գումարների վերականգնումը:
Միաժամանակ նկատի ունենալով, որ Տ.Հակոբյանը վատառողջ է, սրտամկանի կրկնակի ինֆարկտի պատճառով երկու անգամ վիրահատվել է եւ ունի մշտական բուժման եւ բժշկական հսկողության կարիք, բնութագրվում է դրական, ինչպես նաեւ ուսումնասիրելով Տ.Հակոբյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով թվով 24 ԶԼՄ-ների եւ հասարակական կազմակեպությունների ղեկավարների դիմումն ուղղված ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիայի եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի 01.03.12թ. որոշմամբ՝ Տ.Հակոբյանը ազատ է արձակվել կալանքից: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: