Լարիսա Ալավերդյանն ամաչում է
![](https://henaran.am/wp-content/uploads/E5A91D92-28FD-4A3B-8A51-E720138B29F6_mw800_s.jpg)
Այն ինչ տեղի է ունենում ԱԺ գարնանային նստաշրջանի արդեն երկրորդ քառօրյայում, պետք է անհանգստացնի բոլորիս: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին նման հայտարարություն արեց “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:
“Եվ եթե որևիցե մեկը կարող է մտածել է, որ իշխանությունը որքան վատը լինի, այնքան ընդդիմության համար լավ է, չարաչար սխալվում է: Մենք պայքարում ենք արժանապատիվ Ազգային ժողով ունենալու համար”.-հայտարարեց նա ու հարցադրում արեց.”Ինչ է, կեղծարարների իշխանությունից փրկություն չկա: Ես հակառակ կարծիքի եմ և միայն “Ժառանգությունը” չէ նման կարծիքի”:
Լարիսա Ալավերդյանը խոսեց “Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” նախագծից ու շեշտեց, որ այն պետք է բխի ժողովրդավարական համընդհանուր հաշտության վրա հիմնված նորմերից: “Մենք ընդունում ենք օրենքներ, որոնցով ոտնահարում ենք մարդու իրավունքները:
Այսօր Հայաստանում անօրինականության, օրինազանցությունների աղբյուրները իշխանություններն են: Այսօր, անձամբ ես, ամաչում եմ այն ամենի համար, ինչ տեղի է ունենում ԱԺ-ում”,-ասաց տիկին Ալավերդյանը:
Նրա խոսքով, ԱԺ նախագահը, եթե կարողացավ պահել ցուցատախտակը, անզոր եղավ պահել պատգամավորներին, ովքեր ցուցադրաբար լքեցին դահլիճը:
Լարիսա Ալավերդյանն ասաց, որ սրանով հանդերձ ինքը լավատես է, որովհետեւ իշխանական ուժերը, նրա խոսքով, ամեն ընտրությունից ընտրություն ավելի քիչ ձայներ են հավաքում եւ իշխանությանը միանում են ընդդիմադիր հանդես եկող ուժերը: