Ռուսաստանը այսուհետ ավելի մեծ ուշադրություն կդարձնի Հայաստանի ներքին խնդիրներին. Ալ. Իսկանդարյան
“Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը դարձավ Ֆրանսիայի արտաքին եւ ներքին քաղաքականության անբաժանելի մասը: Թուրքական ճնշումների արդյունքում Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական ճանաչեց օրինագիծը: Սակայն այն, որ Ֆրանսիայի նախագահի կողմից այս օրինագծի շրջանառությունն օգնեց եւս մեկ անգամ բարձրաձայնելու Հայոց ցեղասպանության մասին` ակնհայտ է”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը “Հենարան” ակումբում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նա անդրադարձավ նաեւ Ռուսաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններին: Քաղաքագետը ենթադրում էր, որ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը կստանա ընտրողների քվեներից 51-55 %-ը, բայց վերջին տվյալներով 64 % էր:
Ալեքսանդր Իսկանդարյանին դուր է եկել “լացող Պուտինի” կերպարը: “Հրաշալի էր, մյուս կողմից, առկա բոլոր խնդիրները` այդ թվում սպանությունները, իհարկե, վատ են”,-ասաց նա` բացառելով որեւէ հեղաշրջում կամ հեղափոխություն Ռուսաստանում:
Նրա համոզմամբ, Ռուսաստանում, ընտրությունների ելքը որոշվել էր դեռեւս անցած աշնանը, իսկ նման պայմանավորվածություն Ռուսաստանի արդեն նախկին նախագահ Մեդվեդեւի հետ ձեռք էր բերվել 4 տարի առաջ:
“Կարծում եմ, որ նոր Ռուսաստանի ականատեսն ենք լինելու: Սակայն Ռուսաստանը չի փոխելու իր դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ, չնայած որ ավելի շատ ուշադրություն է դարձնելու երկրի ներքին խնդիրներին”,-ասաց քաղաքագետը` նշելով, որ Ռուսաստանի նախագահական ընտրությունները որեւէ ուղիղ կապ չեն կարող ունենալ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վրա: