Այլընտրանքային իշխանությունը հանգեցնելու է չորրորդ հանրապետության ստեղծմանը’. Սարդարապատ շարժում
Արդեն 15 տարի է, ինչ մեր երկրում ‘ընտրություններ’ կոչվածը չունի որեւէ ներուժ` ազդելու մեր երկրի զարգացման վրա: Այդ մասին այսօր POLITLOGOS կենտրոնում քննարկումների ժամանակ ասաց ‘Սարդարապատ’ շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուքասզյանը` խոսելով առաջիկա ընտրությունների վերաբերյալ ‘Սարդարապատ’ շարժման դիրքորոշման մասին:
Նրա խոսքով` առաջիկա կեղծ ընտրություններին մասնակցության հարցն անիմաստ է: Միաժամանակ ‘Սարդարապատ’ շարժումն առաջարկում է այլընտրանքային լուծումներ:
‘Այս ընտրություններին զուգահեռ մենք ձեւավորելու ենք այլընտրանքային իշխանություն, այլընտրանքային կառավարություն եւ այլընտրանքային խորհրդարան: Ճիշտ է, սկզբնական շրջանում, այդ այլընտրանքային իշխանությունը չի ունենա մեծ հնարավորություններ ու լծակներ, սակայն կձեւվավորի մրցակցություն, այլընտրանքային հարթակ, որն էլ կբերի 4-րդ հանրապետության գաղափարին’,- ասաց Գարեգին Չուքասզյանը` հավելելով, որ ‘Սարդարապատ’ շարժման նախաձեռնած այլընտրանքային իշխանությունը ուժեղանալու է օրըստօրե ակտիվացող քաղաքացիական նախաձեռնություններով:
Գարեգին Չուքասզյանը նշեց, որ իրենք դեմ են ոչ թե ընտրությունների գաղափարին, այլ կեղծ ընտրություններին, կեղծ ընդդիմությանը, որը ճեղքել է պետք:
‘Մենք ուզում ենք ոչ թե հրեշ ստեղծենք ժողովրդից, ինչպես դա արեց կեղծ ընդդիմությունը, այլ ձեւավորել իրական ընդդիմություն, եւ այլընտրանքային իշխանության սաղմեր:
Քննարկման վարող, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը ‘Սարդարապատ’ շարժմանը որակեց որպես ‘հակահամակարգային ընդդիմություն’, ուր հավաքված են մարդիկ, ովքեր երբեւէ չեն եղել իշխանության մեջ, եւ միշտ հանդես են եկել քննադատական դիրքերից:
Նա միաժամանակ մտահոգություն հայտնեց, որ ‘Սարդարապատ’ շարժումը դեմ գնալով քաղաքական մշակույթին, կարող է հայտվել մարգինալ վիճակում, իսկ այլընտրանքային իշխանություն կարող է ստեղծվել նախահեղափոխական պայմաններում, երբ ժողովրդի ակտիվությունը գտնվում է իր գագաթնակետին, այնինչ հիմա նախահեղափոխական իրավիճակ չէ:
Այդ մտահոգություններին ի պատասխան, ‘Սարդարապատ’ շարժման մասնակիցները հայտնեցին, որ իրենց անհրաժեշտ չէ նախահեղափոխական վիճակ, այլ պետք է այլընտրանքային իշխանություն ստեղծելու նախաձեռնություն, որը կներդրվի ժողովրդի գիտակցության մեջ այնքան ժամանակ, մինչեւ այն կդառնա ինքնաբուխ անհրաժեշտություն: