Մայրաքաղաքում ծառահատման դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մարտի 1-ից վերսկսվել է մայրաքաղաքի կանաչ գոտիների գույքագրման եւ ծառերի համարակալման գործընթացը: Հունվարից մեկնարկած աշխատանքների արդյունքում արդեն համարակալվել է 4200 ծառ: Նշվել է նաեւ, որ որոշ տեղերում բնակիչները ցանկություն են հայտնել անձամբ մասնակցել համարակալման գործընթացին:
‘’Մենք ողջունում ենք բնակիչների նախաձեռնությունը եւ պատրաստ ենք գործընթացին ներգրավել նաեւ բոլոր այն հասարակական կազմակերպություններին, բնապահպաններին, երիտասարդներին եւ այլ անհատներին, որոնք եւս ցանկություն կունենան մասնակցել այս աշխատանքներին’’,- նշել է Տարոն Մարգարյանը:
Անդրադառնալով ապօրինի ծառահատումների կանխման ուղղությամբ քաղաքապետի հանձնարարականին` բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում արձանագրվել է ապօրինի ծառահատման 2 դեպք, որից մեկով էլ հարուցվել է քրեական գործ:
Henaran.am-ին հաղորդում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից