Ինչո՞ւ է լռում Կոնգրեսը
Նախընտրական դաշինքից ՀԱԿ-ի մաս կազմող չորս քաղաքական ուժերի հրաժարվելը Կոնգրեսի ճեղքվածք չէ: Այսպես են կարծում ՀԱԿ-ում եւ այս համոզմունքը հիմնավորում այն հանգամանքով, որ այդ քաղաքական ուժերը` պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի ղեկավարած “Ազգային Վերածնունդը”, Գառնիկ Մարգարյանի ղեկավարած “Հայրենիք ու Պատիվ” կուսակցությունը, Սոս Գիմիշյանի ղեկավարած Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ կուսակցությունն ու Հայ կամավորների համախմբումը, որը Կոնգրեսի քաղխորհրդում ներկայացնում է Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը, “շարունակում են անդամակցել ՀԱԿ-ին եւ մասնակցել նրա բոլոր միջոցառումներին”:
Մասնավորապես, Henaran.am-ի հետ զրույցում այսօր այս տեսակետը հայտնեց ՀԱԿ անդամ, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը` խուսափելով խոսել հիշյալ քաղաքական ուժերի որոշման պատճառների մասին: Նկատենք, որ Կոնգրեսն այս տեղեկությանը պաշտոնապես որեւէ գնահատական չի տվել: “Իրենց հարցրեք: Ցանկացած քաղաքական ուժ ինքն է որոշում իր մասնակցության ձեւը եւ չափը: Ես հարգում եմ ցանկացած քաղաքական ուժի ինքնուրույն որոշումը”,-ասաց Արամ Մանուկյանը:
Մեր դիտարկմանը, թե ավելի վաղ “Հանրապետություն” կուսակցությունն էր հայտարարել, որ ՀԱԿ-ի համամասնական ցուցակում կընդգրկի միայն կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանին, արդյո՞ք սա միտում չի նշանակում, որը հնարավոր է այլ ուժերի վրա եւս տարածվի, Արամ Մանուկյանը նախ նկատեց, թե “դա արդեն հին բան է” /“Հանրապետության” հայտարարությունը,-խմբ/, այնուհետ հավելեց.”Չեմ կարծում, չկա այդպիսի ուժ”:
ՀԱԿ անդամի փոխանցմամբ, Կոնգրեսը դեռեւս հստակություն չի մտցրել համամասնական ցուցակի հարցում, եւ նորությունների կարելի սպասել առաջիկա օրերին: Հիշեցնենք, որ Կոնգրեսի ցուցակը կազմելու բարդ գործն ստանձնել է անձամբ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Կհաջողվի՞ արդյոք “պապիկին” առանց հերթական ներքին ցնցումների լուծում տալ այս հարցին եւ Կոնգրեսին պատվով դուրս բերել նախընտրական մեկնարկին ընդառաջ, թեերեւս ժամանակը ցույց կտա, բայց մի բան ակնհայտ է, եթե քաղաքական միավորման մաս կազմող ուժերը հրաժարվում են անդամակցել այդ նույն միավորման նախընտրական դաշինքին, ասել է թե` հրաժարվում են Կոնգրեսի հետ ընտրությունների ճանապարհն անցնել, նշանակում է, այսուհանդերձ ինչ-որ բան այն չէ:
Չէ՞ որ արած-չարածով ու ապագայի տեսլականով հանրության դատին ներկայանալու եւ նրա վստահությանն արժանանալու լավագույն հնարավորությունը հենց ընտրություններն են: Կա՞ արդյոք սրանից ավելի պատասխանատու “միջոցառում”, որին կարող են մասնակցել ՀԱԿ-ի մաս կազմող ուժերը, եթե նրանց միջեւ մարտավարական ու գաղափարական այնպիսի տարաձայնություններ չկան, որոնք անհնարին են դարձնում այդ մասնակցությունը: Այսքանից հետո արդյո՞ք էական է ֆորմալ առումով նրանք շարունակում են անդամակցել ՀԱԿ-ին, թե ոչ: Պատասխանները, կարծում ենք, միանշանակ են:
Մարիաննա Ղահրամանյան