ՀԱԿ-ում լուրջ տարաձայնություններ կան, կոնսենսուսն էլ վիժեցրին. մեղադրում է Տեր-Պետրոսյանին
‘’Ես դադարեցնում եմ ՀԱԿ քաղխորհրդում իմ գործունեությունը, ելնելով լուրջ մարտավարական եւ ռազմավարական տարաձայնություններից: Ահա ինչու հրաժարվում եմ ընդգրկվել ՀԱԿ ընտրական դաշինքում’’,- այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ‘’Հայ կամավորների համախմբում’’ ազգային-քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչ Սամվել Հարությունյանը:
Նա նշեց, որ անցյալ մարտի 1-ի հանրահավաքի համար իր կողմից առաջարկվել էր ‘’ցնցող անակնկալներ’’ պարունակող ելույթ, որում կոչ էր արվելու հավաքված ժողովրդին մարտի 9-ին, ժ 16:00-ին Ազատության հրապարակում սկսել զանգվածային հացադուլ, գեներացնել ժողովրդի ցասումը, այդ ամենը կստանար ազգային եւ միջազգային հնչերանգ, Ազատության հրապարակը կդառնար ‘’բարոյական օազիս եւ ոգեղեն խոյանքի կենտրոն’’, եւ վերջապես կհասնեին Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը, ՀՀ նախագահական արտահերթ եւ ՀՀ ԱԺ հերթական, բայց օրինակելի ընտրությունների անցկացմանը:
‘’Այս իմ նախագիծը խափանվեց ու չընդունվեց ՀԱԿ-ում, իսկ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ցավոք ընթացք տվեց ու նպաստեց դրան’’,- ասաց Սամվել Հարությունյանը` հավելելով, որ վերջին օրերին շատ բուռն քննարկումներ են եղել ՀԱԿ-ում` ՀԱԿ-ի հետագա մարտավարության եւ համամասնական ցուցակի հետ կապված:
Այդ ընթացքում 18 ուժերից 13-ը եկան փոխհամաձայնեցման, իսկ 5 ուժեր` ՀՀՇ գլխավորությամբ` Այլընտրանքային նախաձեռնություն, Հնչակյան սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, Հայաստանի լիբերալ կուսակցություն, Հայաստանի ժողովրդական կուսակցությունը, Սամվել Հարությունյանի խոսքով` վիժեցրեցին կոնսենսուսի գալը:
Նա նշեց, որ ինքը միացել է Լեւոն Տեր-Պետրոսյանին նրա համար, “որովհետեւ նա ասել էր, թե իր նպատակը ազգին ծառայելն է, եւ ոչ նախագահ դառնալը”: Բացի այդ , մարտի 1-ի դեպքերից հետո Սամվել Հարությունյանին “սկսեց չբավարարել ՀԱԿ-ի մարտավարությունը”: Նրա խոսքով` այս 3 ու կես տարիների ընթացքում ՀԱԿ-ը իրականացրել է հռչակագրով սահմանված նպատակներից միայն մեկը` քաղբանտարկյալների ազատ արձակումը, իսկ գերխնդիրը` արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ, այդպես էլ չի իրականացրել:
‘’Ցավում եմ, որ ՀԱԿ-ը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը այս ընթացքում վարկանիշի խոր անկում ունեցան: Իսկ վերջին ՀԱԿ հանրահավաքը ինձ հիշեցրեց Պարույր Սեւակի խոսքերը.’Միթե մեզ Աստվածները նրա համար են բարձրացնում վեր, որպեսզի այնտեղից գլորելով ներքեւ` չափեն անդունդի խորությունը’,- եզրափակեց Սամվել Հարությունյանը: