Սխալ է` թե մասնագիտական, թե քաղաքական առումով. Արտակ Զեյնալյան
“Որպես իրավաբան կարող եմ ասել, որ նման քննարկումներ անելը եւ նման հապճեպ որոշումներ կայացնելը սխալ է: Սահմանադրությունը շատ նուրբ փաստաթուղթ է եւ ընդհանրապես, երկրի կառավարման կարգը նման ձեւով փոփոխությունների չեն ենթարկում”, -այսօր Henaran.am-ի հետ զրույցում ասել է “Հանրապետություն” կուսակցության քաղխորհրդի անդամ, իրավաբան Արտակ Զեյնալյանը` անդրադառնալով ԲՀԿ-ի կողմից քաղաքական օրակարգ նետված 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին եւ կառավարման խորհրդարանական ձեւին անցնելու հարցին:
Արտահայտելով իր անձնական տեսակետը, Արտակ Զեյնալյանը նշել է.”Կարծում եմ, նման քննարկումներ կարելի է անցկացնել, բայց ոչ հիմա եւ ոչ այս մթնոլորտում, որովհետեւ դա շատ լուրջ փոփոխություն է ենթադրում` կառավարման կարգի փոփոխություն, ինչը պետք է շատ մանրակրկիտ, ավելի լայն շրջանակներում քննարկվի:
Չի կարելի հիմա` նախագահական ընտրությունների ժամանակ որոշել քվեարկության դնել նաեւ Սահմանադրական փոփոխությունները: Դա ես բացասական եմ գնահատում` առանց խորանալու հարցի մեջ` կողնակից եմ նախագահական կառավարման ձեւին, թե խորհրդարանական”:
Հաշվի առնելով այս ամենը եւ այն փաստը, որ ԸՕ վերջին փոփոխությունների քննարկման ժամանակ հնարավորություն կար պնդելու 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու հարցը, Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեցինք, թե իր կարծիքով ինչո՞ւ վերը նշված հարցերը հատկապես այս փուլում բարձրացվեցին: “Դա կարող է լինել եւ տակտիկական քայլ եւ ուղղակի չիմացության հետեւանք, ամեն ինչ էլ հնարավոր է, բայց հիմա դա սխալ է անել”,-մեզ հետ զրույցում նշեց “Հանրապետության” քաղխորհրդի անդամը :
Ինչ վերաբերվում է հարցին, իրատեսակա՞ն է արդյոք ընդդիմադիր ուժերի համախմբումն այս գաղափարի շուրջ, Արտակ Զեյնալյանը պատասխանեց . ”Եթե մասնագիտական առումով սխալ է, հետեւաբար, կարծում եմ ` քաղաքական սխալ է”:
Անդրադառնալով “Հանրապետություն” կուսակցության` նախագահական ընտրություններին մասնակցության ձեւաչափի վերաբերյալ մեր հարցին, Արտակ Զեյնալյանը տեղեկացրեց որ, այդ մասին հայտարարություն կարվի դեկտեմբերի 21-ին կայանալիք համագումարին:
Նրա փոխանցմամբ, “Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը մինչեւ կուսակցության համագումարը այս հարցին առնչվող հրապարակային ելույթներով հանդես չի գա: