Հայաստանը մոտ է Եվրոպային նաեւ իր վարքագծով. ՀՀ նախագահի ելույթը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամում
Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 6-ի երեկոյան հյուրընկալվել է Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում, որտեղ հանդես է եկել ելույթով, պատասխանել ներկաներին հետաքրքրող հարցերին:
Նախագահն անդրադարձել է անկախությունից ի վեր եվրոպական զարգացման ուղին ընտրած Հայաստանի Հանրապետության եվրամերձեցման քաղաքականության իրագործման ուղղությամբ եվրոպական կառույցների հետ համագործակցությամբ մեր երկրում իրականացված աշխատանքներին ու առաջիկա ծրագրերին:
Հայ ժողովրդի այդ ընտրությունը համարելով միանգամայն բնական՝ Սերժ Սարգսյանն իր ելույթում նաեւ փոքրիկ պատմական անդրադարձ է կատարել, նշելով, որ հայ ժողովուրդն աստիճանաբար վերագտնում է իր ժողովրդավարական ավանդույթները, որոնց արմատները դարերի խորքում են: Հանրապետության ղեկավարը հիշել է դեռեւս Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող Արեւմտյան Հայաստանում 1860թ. ընդունված ‘Որոգայթ փառաց’ կոչվող Ազգային սահմանադրությունը, որը մի քանի տարի անց եվրոպական պետությունների ճնշման տակ ստիպված էր հաստատել նաեւ սուլթանը: Այն նախատեսում էր արեւմտահայերի ներկայացուցչական մարմինների ձեւավորում համընդհանուր եւ գաղտնի քվեարկությամբ: Ավելորդ համարելով նշել, որ օսմանյան իշխանությունները երկար չհանդուրժեցին հայերի կողմից առաջադիմության այս բռնկումը եւ առաջին իսկ առիթի պարագայում դադարեցրին դրա գործունեությունը՝ նախագահ Սարգսյանը հիշեցրել է, թե ինչով ավարտվեց հայ առաջադիմականության եւ օսմանյան դժնդակ իրականության բախումը, որը հայտնի է համաշխարհային պատմությանը ծանոթ յուրաքանչյուր անձնավորության:
Եվրամերձեցման քաղաքականությունը, Սերժ Սարգսյանի համոզմամբ, Հայաստանի համար ոչ միայն ներքին բարեփոխումների, այլեւ արտաքին քաղաքական օրակարգի առանցքներից է: ‘Հայաստանում եւ Հարավային Կովկասում ԵՄ ներգրավվածությունը կարեւորում ենք ոչ միայն նրա համար, որ ԵՄն գլոբալ դերակատար է, այլեւ առաջին հերթին` ժողովուրդների խաղաղ, անվտանգ եւ կայուն գոյակցության ամենահաջողված մոդելն է: Հարավային Կովկասի լիարժեք զարգացման մեր տեսլականը խարսխված է այն արժեքների եւ գիտակցության վրա, որոնք հնարավոր են դարձրել Եվրոպայի հաջողությունը: Վստահ եմ, որ միայն ընդհանուր արժեքային համակարգի շնորհիվ կարող ենք կառուցել անվտանգ եւ զարգացող տարածաշրջան: Մեր տարածաշրջանն իսկապես ընդհանուր արժեքների գիտակցության սերմանման, անվտանգության օրակարգի մշակման եւ ինտեգրված տնտեսության ձեւավորման կարիք ունի` մասնավորապես ի նկատի ունենալով մեր տարածաշրջանի յուրահատկությունները եւ առկա մարտահրավերների բազմազանությունը:
Այսօր վստահաբար կարող եմ ասել, որ Հայաստանը մոտ է Եվրոպային եւ եվրոպական արժեհամակարգին ոչ միայն պետականաշինության իմաստով, այլեւ իր վարքագծով` որպես հուսալի գործընկեր թե՛ տարածաշրջանային, եւ թե՛ միջազգային համատեքստում: Հայաստանը հանդես է գալիս առկա բոլոր խնդիրները քաղաքական բանակցությունների, փոխհամաձայնության, բոլոր կողմերի շահերի հարգման եւ խաղաղ ճանապարհներով լուծման օգտին: Մենք պատրաստ ենք անել ամեն հնարավորը կանխելու աղետաբեր զարգացումները, վտանգավոր դիմակայությունները, նոր բաժանարար գծերի առաջացումը եւ գործով ենք ապացուցել մեր մտադրությունների լրջությունը’ ,-ասել է Նախագահ Սարգսյանը:
Հանրապետության ղեկավարն անդրադարձել է նաեւ տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին:
Ելույթի ավարտին Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ անկախ տարածաշրջանում առկա խնդիրներից եւ մարտահրավերներից, Հայաստանը հաստատակամորեն ընտրել է պետականաշինության իրապես ժողովրդավարական ճանապարհը: ‘Մենք ձգտում ենք կառուցել այնպիսի երկիր, որտեղ հավուր պատշաճի հարգվում են մարդու իրավունքները, երկիր, որտեղ դատաիրավական համակարգը գործում է լիովին անկախ, երկիր, որտեղ կա հավասար մրցակցություն քաղաքական ու տնտեսական դաշտերում, եւ ամենակարեւորը` երկիր, որտեղ ժողովրդավարությունը ոչ թե լոկ ձեւ է, այլ նաեւ բովանդակություն: Սա է զարգացած երկիր եւ բարեկեցիկ ժողովուրդ ունենալու ճանապարհը, եւ մենք հետամուտ ենք այն անցնել մինչեւ նպատակի իրագործում’ ,-ասել է Սերժ Սարգսյանը:
Այսօր Բրյուսելում շարունակվում է Հայաստանի նախագահի աշխատանքային այցը, որի շրջանակերում առավոտյան Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի, Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ: Օրվա ընթացքում հանդիպում է նախատեսված նաեւ ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ: