ՀՀԿ-ն գործարկել է իր նորացված կայքը /վիդեո/
Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակում այսօր` մարտի 7-ին տեղի ունեցավ նորացված կայքի շնորհանդեսը: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը նշեց, որ կուսակցության նոր էլեկտրոնային կայքն իր որակով, հնարավորություններով, տեղեկատվական լայն ընդգրկուն դաշտով կլրացնի այն քարոզչական գործունեությունը, որը բնորոշ է բոլոր կայացած կուսակցություններին: Կայքը եռալեզու է, ողջ տեղեկատվությունը թարմացված է: ՀՀԿ նոր կայքն ունի մի քանի բաժիններ` նախագահ, կառուցվածք, գործունեություն, տեղեկատվական կենտրոն, գրադարան, տեսադարան, հետադարձ կապ:
Ըստ Արտաակ Զաքարյանի` ցանկացած մարդ կարող է հարց ուղղել հանրապետական պատգամավորներին, նախարարներին, համայնքների ղեկավարներին եւ ստանալ պատասխաններ:
”Լինելու են վերլուծական նյութեր ամենատարբեր միջազգային եւ տեղական կենտրոններից: Հետաքրքրությունը գնալով մեծանալու է, քանի որ նախընտրական գործընթացներն են մոտենում, որոնք լուսաբանվելու են ամբողջությամբ”,-ասաց Ա. Զաքարյանը: Կուսակցության տեսադարանում կարող ենք դիտել կուսակցության պատմությանն ու գործունեությանը վերաբերող տեսանյութեր: Կուսակցության ֆինանսական մասը եւս բաց է, եւ գործունեությունը ներկայացված է կայքում:
Լրագրողների հարցին, լուսաբանվելո՞ւ է արդյոք կայքում “Հայոց արծիվներ” կազմակերպության եւ նրա ղեկավար Խաչիկ Ասրյանի գործունեությունը, “երբ շատերը նրան ազգայնամոլ են համարում եւ նմանեցնում Հիտլերին”, Արտակ Զաքարյանը նշեց, թե Ասրյանն իր պարտականությունները բարեխղճորեն է կատարում:
“ Ես ինքս էլ “Հայոց արծիվներ”-ի հիմնադիրներից մեկն եմ: Ասրյանի գործունեության այս ձեւը շատ օգտակար է մեր տիպի հասարակությունների համար: Անկախ, թե ձեւի մեջ ինչ գնահատականներ են տալիս, դրա բովանդակությունն անհրաժեշտություն է”,- նշեց Զաքարյանը:
Նախընտրական գործընթացների հետ կապված, ըստ Զաքարյանի` հնարավոր է, որ ՀՀԿ-ն եւս մեկ կայք գործարկի:
http://youtu.be/-7G-I9hhl6E