ՀՅԴ-ական կանանց պայքարի մասին. Լիլիթ Գալստյան, թե՞ Ռուզան Առաքելյան
Այսօր կանայք քաղաքականության մեջ թեմայով քննարկմանը ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանն ասաց, որ ՀՅԴ-ն խորհրդարանում կանանց 30 տոկոս ներգրավվածության կողմնակից է: Լիլիթ Գալստյանի խոսքով, ՀՅԴ-ի համամասնական ցուցակներում կպահպանվի կանանց քվոտավորման օրենքի պահանջը: Հիշեցնենք, որ բարեփոխված ԸՕ-ով ցուցակներում կանանց ներգրավվածությունը 20 տոկոս պետք է կազմի:
Ինչ վերբերում է հարցին, թե կլինի արդյոք Լիլիթ Գալստյանը ՀՅԴ համամասնական ցուցակում, պատգամավորը պատասխանեց.”Ես մեր կուսակցության մեկ մասնիկն եմ, եթե իմ կուսակցությունը նպատակահարմար կգտնի, որ լինեմ խորհրդարանում, ես կծառայեմ իմ կուսակցությանը: ՀՅԴ-ի համամասնական ցուցակը նրա խոսքով, դեռւես պատրաստ չէ, եւ հարցը կորոշի ՀՅԴ ԳՄ-ն:
Henaran.am-ի խնդրանքով Լիլիթ Գալստյանն անդրադարձավ նաեւ իր եւ ՀՅԴ-ական մեկ այլ կին պատգամավոր Ռուզան Առաքելյանի հարաբերություններին: Հիշեցնենք, որ ԶԼՄ-ներում տեղեկություններ հրապարակվեցին, թե երկու ՀՅԴ-ական կանանց միջեւ սուր պայքար է ընթանում համամասնական ցուցակի առաջին տասնյակում տեղերի համար:
“Բացարձակապես հերյուրանք է: Նրանք, ովքեր ծանոթ են Դաշնակցության գործունեությանը, շատ լավ գիտեն, որ մեր խնդիրները կոլեգիալ են լուծվում եւ որոշումները կայացվում են կոլեգիալ: Գերագույն մարմինը կուսակցության կարծիքը հաշվի կառնի եւ առաջին եւ երկրորդ տասնյակը կկազմվի ըստ այդ որոշման: Իսկ Ռուզանը իմ լավագույն կուսակցական ընկերուհին է: Դա բամբասանք է, չեմ էլ ուզում անդրադառնալ”: