24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Եթե մեր առաջարկություններն ընդունվեն, էական առաջընթաց կնկատվի. Արմեն Մարտիրոսյան

“Մենք մեր դիրքորոշումները ներկայացրեցինք: Խնդիրն այն է, որ որեւէ հանձնաժողով այսօր կոռուպցիայի դեմ պայքարի գործում էական արդյուք չի արձանագրել: Մեր առաջարկությունն այն է, որ  ձեւավորվի այնպիսի հանձնաժողով, որը եւ վստահություն ունենա եւ շոշափելի արդյունքներ արձանագրի: Մենք պատրաստ ենք այդ դեպքում աշխատել եւ միասին պայքարել” -Henaran.am-ի հետ զրույցում այսօր վարչապետի հրավիրած հակակոռուպցիոն խորհրդի նիստից հետո ասել է  ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Ռուբեն Հակոբյանի խոսքով, այն, ինչ այսօր արվում է կոռուպցիայի դեմ պայքարում,  ըստ էության անարդյունավետ է: Նշենք, որ խորհրդի նիստին “Ժառանգությունից” մասնակցում էին նաեւ չորրորդ գումարման ԱԺ պատգամավորներ կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը եւ փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ առայժմ որեւէ գնահատական չի կարող տալ: “Ժառանգությունը” ներկայացրել է 26 կետանոց առաջարկություններ, որոնց ընդունման դեպքում, Հայաստանում եթե ոչ ամբողջապես արմատիխլ կարվի կոռուպցիան, ապա էական առաջընթաց կնկատվի կոռուպցիայի դեմ պայքարում”,-ասաց Արմեն Մարտիրոսյանը եւ հավելեց. “Այդ կետերից մեկը վերաբերվում է հակառոռուպցիոն նոր մարմնի ձեւավորմանը, որում բացառապես ընդգրկված են լինելու ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ”: Արմեն Մարտիրոսյանի խոսքով, քանի որ կոռուպցիան, ոչ կաշառակերությունը, միայն իշխանությանն է վերաբերվում, դրան հակակշիռ կարող են լինել այն ուժերը, որոնք ընդգրկված չեն իշխանության մեջ:

“Ժառանգության” հակակոռուպցիոն փաթեթի առաջարկությունները ներկայացնում ենք ստորեւ.

  1. Օրենքի համահավասարության ու պատժելիության սկզբունքի կիրառում բոլոր քաղաքացիների նկատմամբ՝ ՀՀ Նախագահից ու նրա ընտանիքի անդամներից մինչեւ շարքային քաղաքացի:
  2. Քաղաքական, հասարակական, մասնագիտական ոլորտներում նոր, տաղանդավոր, արհեստավարժ, անկախ մարդկանց մասնակցության աստիճանական, բայց նպատակամետ աճ, որոնք կոչված կլինեն փոխարինելու գորշ, ամեն ինչի հետ համակերպվող «լճացման էլիտային», պետական ծառայողների նոր սերնդի ձեւավորում:
  3. Լիակատար պետական աջակցություն ժամանակակից միջին խավի ձեւավորմանը, մանր եւ միջին սեփականատերերի իրավազրկության վերացում:
  4. Պետական ապարատի հակակոռուպցիոն զտման իրականացում` «վիրահատական միջոցառումներ». ՀՀ սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված կարգով պատասխանատվության ենթարկել երկրում արմատացած քաղաքական, համակարգային եւ վարչատնտեսական կոռուպցիայի ու անօրինականությունների գլխավոր պատասխանատուներին, ովքեր բազմիցս խախտել են երկրի Սահմանադրությունը եւ օրենքները:
  5. Համակարգային կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում` կուսակցությունների պետական ֆինանսավորման իրական ավելացումՙ և խոշոր բիզնեսից կախվածության նվազեցում:
  6. Վերահսկիչ պալատի եւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական  հանձնաժողովի ձեւավորման եւ կառավարման գործում խորհրդարանական ընդդիմության դերի մեծացում:
  7. Լայն լիազորությունների օժտամբ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավմամբ միջկուսակցական Հակակոռուպցիոն խորհրդի ձեւավորում, ընդդիմության մեծ դերակատարմամբ:
  8. Պետական ձեռնարկությունների եւ հանքավայրերի` ապօրինի, չհիմնավորված ցածր գներով, պետությանը հասցված խոշոր չափերի վնասով իրականացված մասնավորեցումների վերանայում, ազգայնացում եւ նոր մասնավորեցում` բաց, թափանցիկ մրցույթների հիման վրա, որի արդյունքում բյուջետային հավելյալ եկամուտների ապահովում. միայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, Հրազդան, Աբովյան քաղաքներում եւ Սյունիքի մարզի Սվարանց գյուղում գտնվող երեք երկաթահանքերի հետ կապված ապօրինի, ստվերային գործարքների վերանայման շնորհիվ հնարավոր է պետության բյուջե վերադարձնել ավելի քան 266 մլրդ դրամ գումար:
  9. Նունն իրականացնելո հանցավոր ճանապարհով եւ անաշխատ եկամուտներով կուտակված հարստության նկատմամբ` կիրառելով օրինականության վերականգնմանն ուղղված օրենքով սահմանված միջոցներ` այն վերադարձնելով պետության տնօրինությանը, որպեսզի հետագայում մասնավորեցվի ազատ, իրավական, մրցակցային եղանակով:
  10. Հիմնել հատուկ մարմին` անկախ դատախազի հաստատություն, որը կնշանակվի խորհրդարանի կողմից եւ որի իրավասությունների մեջ կմտնի պետական ու հասարակական շահի ոտնահարման դեպքերում քրեական գործերի հարուցումը.
  11. Փոփոխություններ եւ լրացումներ իրականացնել «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքում` վերացնելով ՀՔԾ-ի կախվածությունը դատախազությունից:
  12.  Փոփոխություններ եւ լրացումներ իրականացնել «Վերահսկիչ պալատի մասին», «Դատախազության մասին» օրենքներում` մեծացնելով Վերահսկիչ պալատի դերը եւ սահմանելով դատախազության պարտականությունը` գործ հարուցելու հայտնաբերված չարաշահումների կապակցությամբ.
  13.  «Արդարադատությունից» անարդարացիորեն տուժած քաղաքացիների վնասները փոխհատուցել ակնհայտորեն անարդար դատական ակտ հրապարակած դատավորի անձնական գույքի եւ ունեցվածքի հաշվին:
  14.  Իսպառ բացառել իշխանության հետ օլիգարխների, խոշոր բիզնեսի այլ ներկայացուցիչների սերտաճումը, հիմնաքանդել արհեստական մենաշնորհները, բացահայտել ու պատասխանատվության ենթարկել բոլոր մակարդակներում անձնական, ընտանեկան կամ կուսակցական նպատակով պաշտոնական դիրքի չարաշահող անձանց:
  15. Հակամրցակցային գործարքից, դեմպինգից, այլ հակաօրինական գործողություններից տուժած ձեռնարկությունների, անհատ ձեռներեցների եւ քաղաքացիների կորուստները դատական կարգով ամբողջապես փոխհատուցել այդ գործողություններն իրականացրած ձեռնարկությունների եւ անհատ ձեռներեցների հաշվին:
  16.  Բացառել Ազգային ժողովում ընդունվող օրենսդրության վրա գործարար շրջանակների ազդեցությունն ու ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց առկայությունը խորհրդարանում, ինչպես նաեւ պաշտոնից հեռացնել մասնավոր շահ հետապնդող պաշտոնյաներին:
  17.  Ընդունել ու կիրառության մեջ դնել փոքր եւ միջին բիզնեսի հարկային բեռը թեթեւացնող, բիզնեսին հարկային ահաբեկչությունից ու կամայականությունից զերծ պահող հարկային պարզեցված օրենսդրություն:
  18.  Վերանայել ՀՀ գործող օրենսդրությունը` կոռուպցիոն ռիսկերին վերաբերող դրույթների վերացման եւ պատասխանատվության հստակ նորմերի սահմանման, ինչպես նաեւ ԳՐԵԿՕ-ի (Կոռուպցիայի դեմ պայքարող երկրների խումբ) պահանջների կատարման լույսի ներքո:
  19.  Վերանայել «Գնումների մասին» օրենքը` պետական ու համայնքային ենթակայության հաստատությունների կարիքների համար հայտարարվող մրցույթների արդարության, թափանցիկության եւ օրինականության ապահովման նպատակով:
  20. Օրինական հարկային վարչարարության միջոցով բարեխիղճ հարկատուներին ապահովագրելով կրկնակի հարկումից եւ մաքսային վճարումներից, որոնք գանձվում է անբարեխիղճների բացը լրացնելու համար: Այդ նպատակով անհրաժեշտ է ամբողջապես փոխել Հարկային եւ մաքսային մարմինների աշխատակիցներին` հարեւան Վրաստանի օրինակով:
  21.  Օրենսդրորեն սահմանափակել գործարարների կողմից մաքսային բրոքերներին կատարվող հսկայածավալ վճարումները:
  22. Կատարելագործել Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Վերահսկիչ պալատի, էթիկայի հանձնաժողովի, ՀՀ իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի ու եկամուտների հայտարարագրման ինստիտուտները, ինչպես նաեւ լրամշակել Քրեական օրենսգիրքը տնտեսական հանցագործությունների մասով:
  23.  Խստացնել օրենսդրությունը` մենաշնորհային տնտեսության վերացման նպատակով, փոփոխություններ եւ լրացումներ առաջարկել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» եւ հարակից այլ օրենքներում:
  24.  Գործող օրենքների կիրառմամբ` ստվերային տնտեսության մեջ գտնվող օլիգարխներին եւ խոշոր բիզնեսը հարկման դաշտ բերելու գործընթացի շնորհիվ արդեն 2013թ. հարկերի մասնաբաժինը ՀՆԱ-ում 17%-ից` 23%-ի, ինչը թույլ կտա լրացուցիչ բյուջե մուտքագրել մոտավորապես 245 մլրդ դրամ (շուրջ $ 625 մլն):
  25.  Ավտոմեքենաների տեխնիկական վիճակի կազմակերպումն ու վերահսկողությունը օրենքով ամրագրել դրանք ապահովագրող ընկերությունների վրա:
  26.  Հակակոռուպցիոն ռազմավարության նոր հայեցակարգի մշակում եւ ընդունում` քաղաքացիական հասարակության լայն ներգրավվածությամբ:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ