“Ժառանգության” հայտնիները մեծամասնականով կգնա՞ն
ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, հնարավոր է, խորհրդարանական առաջիկա ընտրություններին մեծամասնական ընտրակարգով առաջադրվի 41 ընտրատարածքներից որեւէ մեկում:
Henaran.am-ի հետ զրույցում Ստյոպա Սաֆարյանը չբացառեց այս հնարավորությունը. “Իհարկե, ոչ ոք չի բացառի դա: Մեր շարքերում կան հանրությանը այս կամ այն չափով հայտնի բազմաթիվ մարդիկ, որոնց առաջադրումների հարցերը քննարկվում են, բայց չկա վերջնական որոշում”:
“Համարեք, ում ճանաչում եք, ում ճանաչում է հանրությունը, բոլորի տարբերակները քննարկվում են: Ոչ մեկին մի բացառեք”,-մեծամասնական ընտրակարգով “Ժառանգության” այլ թեկնածուների, ասենք, Արմեն Մարտիրոսյանի, ինչպես նաեւ կին պատգամավորների առաջադրման մասին մեր հարցին այսպես պատասխանեց Ստյոպա Սաֆարյանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Henaran.am-ը գրեց մեծամասնականով Զարուհի Փոստանջյանի առաջադրման մասին:
Կուսակցությունը, պարոն Սաֆարյանի խոսքով, այս օրերին ընտրություններին իր մասնակցության քննարկումների փուլում է եւ մինչեւ մարտի 18-ը կհստակեցնի, թե համամասնականի, թե մեծմասնականի հետ կապված բոլոր հարցերը: Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ կուսակցությունը քննարկում է բոլոր տարբերակները:
Henaran.am-ի հարցին, թե ո՞ր ընտրատարածքներում կառաջադրվեն “Ժառանգության” թեկնածուները, Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց.”Մենք քննարկում ենք 41 ընտրատարածքից յուրաքանչյուրում մեր հնարավորությունները: Դա նաեւ մի խնդիր է, որը կարող է տարբեր ընթացք ունենալ տարբեր իրավիճակներում, երբ “Ժառանգությունը“ առանձին կգնա, երբ “Ժառանգության” հետ հանդես կգան տարբեր քաղաքացիական նախաձեռնություններ, երբ “Ժառանգությունը ” բանակցություններ կունենա ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ: Այնպես որ տարբեր վարիացիաներ կան, այդ մասին կարող ենք ասել մարտի 18-ին”:
Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ բոլոր սցենարների դեպքում, “Ժառանգությունն” այս ընտրություններում պետք է ունենա տպավորիչ հաղթանակ. ”Հետեւաբար, ցանկացած մասնակցություն, ցանկացած տարբերակ, որը բերելու է դրան, ”Ժառանգությունն“ աշխատելու է այդ ուղղությամբ”:
Մեր հարցին, թե մեծամասնական թեկնածուների առաջադրումը “Ժառանգությունն” ավելի հարմար է համարում այն տարածաշրջաններում, որտեղից ծագում են թեկնածուները, թե՞ Երեւանի ընտրատարածքներում, հաշվի առնելով նաեւ մեծամասնականով առաջադրվող արդեն հայտնի անունների նյութական հնարավորությունները, Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց.
“Ժառանգությունը” ոչ ընտրակաշառք բաժանող, ոչ բարեգործություններ անող կուսակցություն է, հետեւաբար, “Ժառանգության” համար նյութական ասպեկտը կարեւոր է նվազագույն կարիքները, օրինակ, գրասենյակային ծախսերը հոգալու համար: Որ ընտրատարածքի հետ կապված էլ որ որոշում ընդունվի, մեզ համար մրցակցի ֆինանսական միջոցները ընդամենը մարտահրավեր են այն առումով, որ թույլ չտանք օրենքին հակասող կերպով ընտրակաշառք բաժանեն”:
Իսկ հարցին, թե կառաջադրե՞ն մեծամասնական թեկնածուներ այն ընտրատարածնքներում, որտեղ կան խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմության թեկնածուներ, թե՞ “Ժառանգությունը” կպայքարի միայն քաղաքական մեծամասնության եւ իշխող կոալիցիայի դեմ, Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց.
”Ամեն մի տարբերակ, պիտի միտված լինի “Ժառանգության” հաղթանակն ավելի երաշխավորված եւ մեծ դարձնելուն, հետեւաբար գերնպատակը սա է, մնացած հարցերը կարող են ունենալ շատ իրադրային լուծումներ”: