04 Հունիսի, Հինգշաբթի, 2020
KFC

Շատ բան փոխվել եւ դեռ փոխվելու է. Վահե Հակոբյան

image_8175

Ներկայացնում ենք ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանի հարցազրույցը` “Մեգապոլիս” ամսագրին:

Առաջիկա ընտրություններին Ձեր թեկնածության առաջադրումը նախ և առաջ հիշեցրեց այն փաստը, որ արդեն 8 տարի օրենսդիր մարմնում եք, ընդ որում, միշտ ընտրվել եք ձայների գերակշիռ մեծամասնությամբ: Այս հանգամանքը լրացուցիչ ինքնավստահություն է հաղորդո՞ւմ Ձեզ, թե՞ դարձնում է ավելի զգուշավոր:

2004 թվականի Ազգային Ժողովի լրացուցիչ ընտրություններում ես առաջադրվեցի թիվ 52 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով: 26-27 տարեկան էի, բավականին երիտասարդ, այդ ժամանակ, բնակաբար,  մեծ դեր խաղաց ձայների գերակշիռ մեծամասնությունը, որը ես ստացա: Այն ավանդը, ներդրումն ու վաստակը, որ ունեն իմ ծնողները, ավանսային կարգով կարծես փոխանցվեցին ինձ: Եվ ձայների գերակշիռ մեծամասնությամբ ես ընտրվեցի Ազգային Ժողովի պատգամավոր: Այդ 3 տարիների ընթացքը ինձ համար կարելի էր համար դեռևս ճանաչողական բնույթի մի շրջան ու աշխատանք, բայց որոշակիորեն այդ ադապտացիոն շրջանը անցնելուց հետո, ես հասկացա, որ այն բոլոր ռեսուրսներն ու հնարավորությունները և գիտելիքների  պաշարը, որ ունեմ ու  այն նվիրվածությունն ու սերը, որ տածում եմ իմ հայրենիքի, հայրենի հողերի ու տարածաշրջանի հանդեպ, ինձ թույլ տվեցին, որպեսզի ես 2007 թվականին առաջադրվեմ մեծամասնական ընտրակարգով թիվ 38 ընտրատարածքում:

Այն պատգամավորը, որ իսկապես մեծ ձայներով է մտնում խորհրդարան, բնականաբար,  նրա խոսքը ավելի ազատ է լինում ու ավելի անկաշկանդ: Կարծում եմ՝ այս ճշմարտությունը ինձ  համար ոգևորող էր հենց առաջին պահից: Բայց միևնույն ժամանակ՝ նաև խիստ պարտավորեցնող էր:

Ցանակացած օրենսդրական բարեփոխում ու դրույթ, երբ որ քննարկվում է, այդ պատասխանատվությունը և զգուշավորությունը ավելի է մեծանում, որովհետև զգում ես, թե ինչքան ուժ կա մեջքիդ կանգնած ու այդ ամենի արդյունքում փորձում ես չսխալվել:

Առաջադրվելով արդեն գալիք խորհրդարանական ընտրություներում Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից որպես մեծամասնական թեկնածու՝ ավելի անկաշկանդ, վստահ քայլերով եմ գնում առաջ, որովհետև հավատում եմ այն մարդկանց, ովքեր ինձ ձայն են տվել 2007 թվականին, հավատում եմ իմ կատարած աշխատանքին:

 Թերևս մեր խորհրդարանի ամենաերիտասարդ պատգամավորներից եք: Գործընկերների հետ հարաբերվելիս տարիքային տարբերությունը չի՞ կաշկանդում:

Ինձ համար մեծ դպրոց էր 2004-2007 թվականների երրորդ գումարման խորհրդարանը: Մուտք գործելով խորհրդարան՝ ես փորձում էի ավելի շատ լսողի դերում լինել, ու այնուհետև գործել: Ու հասկացա, որ կյանքում դա ապացուցված բանաձև է, միշտ պետք է լսողի դերում հանդես գալ՝ հաշվի առնելով տարիքային տարբերությունը, ինչու ոչ նաև փորձի պակասը: Ես այնտեղ հանդիպեցի բավականին հզոր մարդկանց, ուժեղ քաղաքական գործիչների, ովքեր իրենց խորհուրդներով բավականին մեծ ազդեցություն ունեցան ինձ վրա: Հետագայում, ես ինքս էլ, լինելով երիտասարդ, մտա աշխատանքային հունի մեջ: Երիտասարդ էի, բայց արդեն կոփված:

Կարելի է ասել, որ մենք երկրորդ սերնդի ներկայացուցիչներ ենք և այն սերունդն ենք, որը դեռևս իր ասելիքն ու անելիքը ունի մեր երկրի պետականաշինության, պետության կայացման և զարգացման գործընթացում: Կարծում եմ՝ երիտասարդությանը մի փոքր պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել ու հավատալ և հնարավորություն տալ: Այն հնարավորությունը, որ ինձ տրվեց, ես ջանք չեմ խնայել, որպեսզի արդարացնեմ:

Եղել եք տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, “Հաստատագրված վճարների մասինօրենքի համահեղինակներից մեկն եք: Ձեր տպավորությամբ, որո՞նք պիտի լինեն այն առաջնային քայլերը, որ թույլ կտան հանրապետության  տնտեսությունը  դնել ամուր հիմքերի վրա և ապահովել կայուն զարգացում:

Լինելով մասնագիտությամբ տնտեսագետ՝ Ազգային ժողովում ընդգրկվեցի Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում: 2007 թվականի տնտեսական ծրագիրը կոչված էր բարելավելու մեր կյանքը:

Այն որոշակի փոփոխությունների արժանացավ կապված համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ: Սա մի ժամանակաշրջան էր, որը թույլ տվեց վերագնահատել մեր ռեզերվները, հնարավորությունները և փոխել մեր մոտեցումները տնտեսական քաղաքականության վերաբերյալ: Կարծես թե սա մի փորձաշրջան էր ստուգելու մեր տնտեսության ուժն ու հզորությունը:

Կարծում եմ` մենք շատ բարդությունների առջև կանգնեցինք, բայց ամեն դեպքում այն խոշոր ցնցումները, որ տեղի ունեցան եվրոպական շատ երկրներում, մեզ մոտ բարեբախտաբար տեղի չունեցան: Ես կարծում եմ՝ դա նաև հետևանք էր նախկինում վարած ճիշտ տնտեսական քաղաքականության: Ես, լինելով տնտեսական հարցերի հանձնաժողովում, փորձել եմ նաև տարածաշրջանի տնտեսական հիմախնդիրները ներկայացնել խորհրդարանում և փորձել դրանք լուծել ու տրամաբանական ճիշտ ավարտին հասցնել:  Կարծում եմ, որ ցանկացած մարդ, եթե իր հողն ու ջուրը, հայրենիքը սիրում է, ապա պարտավոր է նաև իր հայրենիքի ու պետության շենացմանը մասնակցություն ունենալ: Եվ բնականաբար ես, լինելով տարածաշրջանի պատգամավոր, այն հիմնախնդիրները, որ տեսնում եմ, փորձում եմ նաև մեր մասնակի հանդիպումներում այդ ամենին որոշակի լուծումներ տալ: Մյուս խնդիրը, որ մենք տեսնում ենք, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացումն է, որը կարևորագույն խնդիր է ոչ միայն Սյունիքի մարզում, այլ նաև ամբողջ Հայաստանում. ՀՆԱ-ի  մոտ 41 տոկոսն է բաժին ընկնում, որը կարծես թե վատ ցուցանի չէ, բայց դրա տեսակարար կշիռը, եթե տեսնենք ընդհանուր հարկային մուտքերում, կնկատենք, որ բավականին ցածր է, դեռ  մի փոքր էլ անկում է ապրել: Այս դաշտում դեռևս անելիքներ ունենք, մենք պետք է փորձենք տնտեսության ռիսկերը դիվերսիֆիկացնել, բաժանել ու չեզոքացնել հենց փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմամբ, քանի որ տնտեսության մրցակցային դաշտի ապահովման կարևորագույն բաղադրիչներից մեկն է փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացումը: Իմ գիտական աշխատանքների շրջանակներում փորձել ենք Սյունիքի մարզի ինվեստիցիոն քարտեզը և տարածաշրջանի աշխարհագրական և տնտեսական պոտենցիալը  բացահայտել: Անկեղծ ասեմ, բավականին լավ հաջողություններ ունենք և այդ ամենը փորձում ենք զարգացնել, ներդրումային  գրավչությունը ապահովել, որպեսզի այդ տնտեսությունները կարողանան իրենց զարգացումը ապրել: Կարծում եմ, որ այնպիսի երկիր պետք է կառուցենք, որտեղ խնդիրները համակարգային լուծում ստանան, ոչ թե ինչ որ մասնավոր օրինակներ կամ սուբյեկտիվ վերաբերմունք լինի: Ու պետք է նշեմ, որ հիմա մենք այդ ճանապարհին ենք: Բնականաբար խնդիրները շատ են, ուղղակի պետք է անընդհատ աշխատանքով բացահայտել  խնդիրները և ներկայացված համապատասխան օրենքներով փորձել դրանք աստիճանաբար վերացնել: Պետք է գիտակցել այդ ամենը, պատասխանատվություն ու համարձակություն վերցնել ու ամենը լուծել:

 

Պարո´ն Հակոբյան, դասավանդել եք Երևանի տնտեսագիտական համալսարանի Ձեռնարկատիրության ամբիոնում ու նաև մի քանի գրքերի համահեղինակ եք:

Առաջին իմ համահեղինակությամբ գիրք նվիրված է Հայաստանի Հանրապետության ձեռնարկատիրության զարգացման և ներդրումային քաղաքականության իրականացման ուսումնասիրությանը: Հենվելով արտասահմանյան զարգացած երկրներում ձեռք բերված հարուստ փորձի, այդ բնագավառին վերաբերող նորագույն նվաճումների, ինչպես նաև երկարամյա սեփական հետազոտությունների վրա՝ հեղինակային խմբով կատարել ենք մի շարք կարևոր եզրակացություններ, որոնք նորովի են լուսաբանում ձեռնարկատիրության և ներդրումների տեսական-մեթոդաբանական հարցերը: Գրքում հանգամանալից քննարկվում են ՀՀ-ում իրականացվող արդյունաբերական քաղաքականությունը, հարկային համակարգը, առողջապահության համակարգը, ներդրումային քաղաքականությունը, աշխատաշուկան և զբաղվածության խնդիրները: Աշխատությունը նախատեսել ենք ձեռնարկատերերի, պետական կառավարման մարմինների աշխատողների և ներդրողների համար: Այն կարող է օգտակար լինել նաև տնտեսագիտական բուհերի դասախոսների, ուսանողների և բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են մեր երկրի տնտեսական զարգացման ապագայով:

2009 թվականին հրատարակեցի իր երկրորդ գիրքը “Ձեռնարկատիրության զարգացման խնդիրները Հայաստանի Հանրապետությունում” վերնագրով: Գիրքը նվիրված է Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրության զարգացման և արդյունաբերական քաղաքականության իրակացման ուսումնասիրությանը:

Հենվելով սեփական օրենսդրական, ձեռնարկատիրական, հասարակական գործունեության, ինչպես նաև արտասահմանյան փորձի համակողմանի ուսումնասիրության վրա՝ ներկայացրել եմ իր բովանդակությամբ և ոճով մի ուրույն գիտական և հետազոտական աշխատություն: Իսկ ահա 2010 թվականին համահեղինակել եմ “Ձեռնարկատիրության կարգավորում”գրքին:

Այն նվիրված է Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրության ձևավորման, կարգավորման և զարգացման ուսումնասիրությանը: Այս գրքում քննարկել ենք ձեռնարկատիրության և բիզնեսի իրավական կարգավորման, հարկային օրենսդրության և վարչարարության, փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցության, աշխատաշուկայի և զբաղվածության, բիզնես մրցունակության, անշարժ գույքի շուկայի առանձնահատկությունները ՀՀ-ում:

Այն պատգամավորների թվում եք, ում հասցեին մամուլում գերակշռում են դրական արձագանքները: Խորհրդարանի ամենապարտաճանաչ հաճախումներ ունեցող պատգամավորներից մեկն եք, թիկնապահներ չունեք, զբաղվում եք բարեգործությամբ, Սյունիքի խնդիրներով, նույնիսկ Կապանում ընտրողների հետ կապերի գրասենյակ ունեք: Սրա՞նք են հասարակական գործչի նկարագիր ձևավորելու բաղկացուցիչները, թե՞ տվյալ դեպքում առաջնորդվում եք Ձեր անհատական սկզբունքներով:

Պետք է նշել, որ մեր պետության և մեր քաղաքական կուրսի ցանկությունն ու նպատակն է կառուցել այնպիսի մի երկիր, որտեղ ապահով ու անվտանգ լինեն բոլորը: Իսկ թիկնապահների  և ուղեկցող մեքենաների սահմանափակումների առումով քայլեր արվում են և  պետք է փաստենք, որ հիմա այդ ուղու վրա ենք և շատ բան փոխվել ու դեռ փոխվելու է:

Ինչ վերաբերում է բարեգործությանը:

Իմ կարծիքով բարեգործությունը շատ ավելի լուրջ կատեգորիա է, քան մենք պատկերացնում ենք: Բարեգործությունը պետք է անել շատ հանգիստ, աննկատ ու հաճույքով, ի սրտե ու խղճի մտոք: Բարեգործությունը բարձրաձայնելու կամ հրապարակայնացնելու խնդիր չունի: Դա արդեն երկկողմանի մի գործարք է դառնում, որը ավելի վատ է ընդունվում:

Ցանկացած մարդ, ով իր մեջ կրում է բարեգործի նկարագիրը, կարծում եմ նա այդ բառի ու երևույթի նկատմամբ զսպվածությունը, հավասարակշռվածությունը և պատասխանատվությունը շատ ավելի լավ է գիտակցում և զգում: Ըստ իս,  ամեն պատեհ ու անպատեհ առիթներով պետք չէ ցանկացած երևույթ ներկայացնել որպես բարեգործություն:

Ձեր հայրը հանրապետությունում մեծ հեղինակություն վայելող անձ է և ճանաչված գործարար: Երբևէ չե՞ք զգում այդ համբավի «ճնշումը», այն Ձեզ օգնում է, թե խանգարում:

Ես չէ,որ պետք է գնահատական տամ, բայց հպարտ  եմ, որ հայրս մեր պետության արդյունաբերության լավագույն հրամանատարներից է: Դեռևս փոքր հասակում մեզ միշտ տարել է հանքեր, որտեղ մենք տեսել ենք նրա աշխատավայրը: Մեր ընտանիքի անդամների մասնակցությունը իր աշխատանքային գործընթացում բավականին հետաքրքիր ու տպավորիչ էր:

Կարծում եմ, որ հաջողության գաղտնիքը նաև հորս կողմից ղեկավարվող հանքարդյունաբերական հսկա գործարանների  կոլեկտիվի ու միջուկի մեջ է: Իմ համար ամենաոգևորողը հանգամանքը այն է, որ միշտ դրական տեսանկյունից են նրան ճանաչել՝ որպես արդյունաբերության գիտակ, մենեջեր ու լավ ինժեներ:

Եվ կարծում եմ, որ այն տեխնոկրատ մտածողությունը, մարդասիրությունն, աշխատանքի նկատմամբ սերը և ընդհանրապես մարդու ձևավորման կարևորագույն փուլերում հոր ներդրած ավանդը զավակների մեջ մեծ է միշտ լինում: Այն ներդրումը, որ հայրս իրակացրել է, ոչ թե իր համար ու միայն իր շուրջ է տարվել, այլ արել է այն սերունդների համար, որ դեռևս ապրում և շարունակելու են ապրել ու արարել Սյունիքում:

Աշխատանքը խլում է ժամանակի մեծ մասը: Ձեր զբաղվածությունը ինչքանո՞վ է հնարավորություն տալիս բավականաչափ ժամանակ անցկացնել ընտանիքի ու զավակների հետ:

Ունեմ երկու զավակ: Հարաբերական քիչ եմ շփվում երեխաների հետ: Ինքս սփոփվում եմ նաև նրանով, որ դեռևս նրանք փոքրիկ են, պետք է մեծանան, որ ես լուրջ զբաղվեմ նրանց դաստիարակությամբ: Բայց ինչպես ամեն մի հայկական ընտանիքում, մեր ընտանիքում նույնպես կնոջ դերը երեխաների դաստիարակության գործում բավականին մեծ է: Եվ կարծում եմ, որ այն բացը, որ ես դեռևս չեմ կարողանում լրացնել, կինս լրացնում է: Հետագայի համար այն հավատն ունեմ, որ միանշանակ ես շատ խիստ կզբաղվեմ սյունեցու դաստիարակությամբ:

Ինչպիսի՞ն է սյունեցու կերպարը Վահե Հակոբյանի համար:

Սյունիքը լինելով հարավային դարպաս, լինելով ստրատեգիական կարևորագույն տարածաշրջան՝ միշտ էլ պետականության կողքին է եղել: Եվ կարծում եմ, որ տարիների ընթացքում այն, ինչը որ ձեռք է բերվել մեծ դժվարությամբ, այսօր այդ ամենը պահպանելը շատ ավելի մեծ նշանակություն ունի: Կարծում եմ՝ սյունեցին պետականության ջատագովն է ու պետականության կողքին կանգնած մարդը:

Սյունեցի ասելով՝ առաջին հերթին հպարտություն եմ ապրում և հասկանում եմ, որ պետք է սյունեցու ոգին տեղում պահել: Սյունեցին իր խոսքի տերն է: Սյունեցին գիտի պատվով դուրս գալ ցանկացած գործից ու սյունեցու ասածը հաջորդ րոպեին արդեն գործ է:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ