20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կարևորն ընտրություններն են ու իրենց՝ իշխանությանը կառչած մնալը․ «Փաստ»

Արցախյան վերջին պատերազմի արդյունքում այսօր ունենք մի իրավիճակ, երբ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի թիվն էապես ավելացել է։ Իսկ այս իրողությունը ենթադրում է, որ պետք է շատ ավելի մեծացնել ուշադրությունը սահմանամերձ բնակավայրերի նկատմամբ, որպեսզի դրանց բնականոն կենսագործունեությունը չխաթարվի։ Բնականաբար, թշնամին ամեն ինչ անելու է սադրանքներ հրահրելու ու սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին ահաբեկելու համար, որպեսզի այդ համայնքները դատարկվեն։

Թուրք-ադրբեջանական տանդեմի աչքը հատկապես Սյունիքի վրա է՝ նպատակ ունենալով այս մարզով անցնող հաղորդակցության ուղիների միջոցով անխափան կապ հաստատել թյուրքական աշխարհի միջև։ Ուստի, այս հանգամանքը հաշվի առնելով, Ադրբեջանը և Թուրքիան փորձելու են իրենց ունեցած լծակները և ռեսուրսները գործի դնել Սյունիքի վրա վերահսկողություն հաստատելու, ինչու չէ՝ նաև էթնիկ կազմի փոփոխություն իրականացնելու համար։ Եվ պատահական չէ, որ իր հարցազրույցներից մեկում Ալիևը հայտարարում էր, թե իրենք վերադառնալու են Զանգեզուր, բայց ոչ տանկերով։ Մյուս կողմից, մեղմ ասած, անվտանգ չեն նաև Տավուշի և Գեղարքունիքի մի շարք բնակավայրեր: Տարածաշրջանային զարգացումների ընթացքը ցույց է տալիս, որ Ադրբեջանի կողմից հնչող հավակնությունները ոչ թե միայն ներքին լսարանին ոգևորելու խնդիր են լուծում, այլ նաև ունեն կոնկրետ գործնական նշանակություն։

Եվ այսպիսի իրավիճակում Հայաստանի անվտանգային ամենակարևոր հարցերից մեկն է դառնում առաջին հերթին սահմանային համայնքների պայմանների բարելավումը, որպեսզի այդ բնակավայրերում ապրող մարդկանց մտքով անգամ չանցնի հեռանալ իրենց բնակավայրերից։ Բայց խնդիրը ոչ միայն լրացուցիչ միջոցներ դեպի այդ համայնքներ ուղղելն է, այլ այդ տարածքների համար զարգացման պայմաններ ապահովելը։ Օրինակ՝ ԱԻՆ մեքենան ամեն օր Սյունիքի մի քանի սահմանամերձ գյուղերի համար հաց է հասցնում, իսկ ինչո՞ւ կառավարությունն, ասենք, չի նախաձեռնում այդ բնակավայրերում հացի արտադրության կազմակերպումը։

Դեռ ավելին՝ կարելի է այնպես կազմակերպել, որ սահմանամերձ գյուղերում արտադրված հացը նույնիսկ բավարարի մյուս բնակավայրերի պահանջները։ Մյուս կողմից էլ՝ առաջ է գալիս սահմանամերձ շրջաններում բիզնես գործունեության համար պայմանների բարելավման հարցը։ Տնտեսական գործունեության և արտադրության կազմակերպման ընդլայնման հեռանկարը նաև լրացուցիչ աշխատատեղերի ստեղծման հարց կարող է լուծել։ Բայց դա ենթադրում է նաև, որ պետք է ստեղծվի տնտեսական գործունեության համար հատուկ բարենպաստ օրենսդրական միջավայր ու հարկային ու ներդրումային արտոնությունների համակարգ։

Այս ամենի հետ մեկտեղ, որպեսզի հնարավոր լինի սահմանամերձ համայնքներում տնտեսական գործունեության զարգացում ապահովել, ապա անհրաժեշտ է ստեղծել դրա համար նախատեսված ենթակառուցվածքներ։ Օրինակ՝ ոչ ոք շահագրգռված չի լինի Սյունիքի սահմանամերձ համայնքներում որևէ գործ նախաձեռնել, եթե, ասենք՝ այդ համայնք հասնելու ճանապարհը գրունտային է ու այնքան դժվարամատչելի, որ միայն հատուկ ամենագնաց մեքենաները կարող են դրանով անցնել։ Ուստի, անխափան հաղորդակցություն ապահովելու նպատակով իշխանություններն օր առաջ պետք է նախաձեռնեն տեխնիկական միջոցներով հագեցած ճանապարհների և այլ անհրաժեշտ հաղորդակցային ենթակառուցվածքների ստեղծումը, ընդ որում, եթե պետք է, նույնիսկ ոչ բարենպաստ եղանակային պայմաններում աշխատելու միջոցով, քանի որ դրանք այլևս անվտանգության տեսանկյունից կարևոր նշանակություն ունեցող հարցեր են։ Շատ կարևոր է նաև սահմանամերձ համայնքներում ստեղծել լրացուցիչ բնակարանային ֆոնդ ու քաղաքացիներին հնարավորություն տալ շատ արտոնյալ պայմաններով ձեռք բերել դրանք։ Այսպիսի նախաձեռնությունները կբխեն նաև տարածքային համաչափ զարգացման քաղաքականության տրամաբանությունից։

Սրանց գումարած՝ պետք է մտածել վերաբնակեցման ծրագրերի մասին, այդ թվում՝ ոչ միայն բնակտարածք, այլև գյուղատնտեսությամբ զբաղվելու համապատասխան պայմաններ ապահովելով՝ հողատարածք, անասուններ և այլն: Բայց այս խնդիրներով զբաղվելու փոխարեն իշխանությունները, կարծես, գնում են ամենահեշտ ու առկա խնդիրների կարճաժամկետ լուծման ճանապարհով, այն է՝ որոշակի գումարներ ու միջոցներ տրամադրել սահմանամերձ համայնքներին ու համարել, թե սահմանամերձ տարածքների խնդիրները լուծել են։ Ընդ որում, այստեղ ի հայտ են գալիս նաև որոշակի այլ «նրբություններ»։

Իշխանությունները համայնքներին ուղղված օգնությունների տրամադրումը հիմնականում նախաձեռնում են ՏԻՄ ընտրություններից առաջ։ Փաստացի իշխող քաղաքական ուժն իր նեղ քաղաքական շահերն առաջ մղելու նպատակով պետության հաշվին «լավություն» է անում համայնքների բնակիչներին, այդ թվում՝ սահմանամերձ։ Իրականում իշխանությունների կողմից պետբյուջեի հաշվին տրամադրվող այդ և այլ «օգնություններն» ընդամենը կարճաժամկետ նշանակություն ունեն, իսկ երկարաժամկետ հեռանկարի առումով հարց չեն լուծում։ Այդ գումարները հավել յալ արժեք չեն ստեղծելու։ Այնպես որ, անելիքները շատ են, սակայն իշխանությունները հապաղում են։ Նրանց ավելի շատ ՏԻՄ ընտրություններն ու իրենց՝ իշխանությանը կառչած մնալն են հետաքրքրում, քան ռազմավարական նշանակություն ունեցող հարցերը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ