09 Հուլիսի, Հինգշաբթի, 2020
KFC

Ճգնաժամը պոզով-պոչով չի լինում․ մեզ ավելի վատ օրեր են սպասվում․ 168.am

3A2847C9-F0CB-470A-A49C-0C0A1B4D4A23

168.am-ը գրում է․ «Երբ մարդիկ, այն էլ՝ բարձրաստիճան պաշտոնյա, հայտարարում են, որ Հայաստանում սոցիալական կամ տնտեսական ճգնաժամ չկա, հետաքրքիր է, գոնե գիտե՞ն, թե ինչ է ճգնաժամը։ Էստեղ են ասել՝ խի ճգնաժամը պոզով-պոչով է լինո՞ւմ։

Պաշտոնական հրապարակումներն են փաստում, որ Հայաստանը հայտնվել է ճգնաժամի մեջ։

Այն, որ երեք ամիս անընդմեջ տնտեսությունն անկում է արձանագրում, ընդ որում՝ նաև երկնիշ, դա ճգնաժա՞մ է, թե՞ չէ։ Երբ տնտեսությունը ռեցեսիայի մեջ է, դա ճգնաժա՞մ է, թե՞ չէ։ Միայն ասելով չէ, որ Հայաստանում ճգնաժամ չկա։ Եթե ճգնաժամ չկա, ապա ինչո՞ւ է երկիրն այս վիճակում։

Ամբողջ աշխարհն է խոսում ճգնաժամի մասին, իսկ մենք փորձում ենք մեզ համոզել, թե Հայաստանում ճգնաժամ չկա։ Կարծես դրանից տնտեսության վիճակը լավանալու է, իսկ մարդիկ դադարելու են հացի խնդիր ունենալ։

Ճգնաժամից խոսելուց առաջ, լավ կլիներ վերցնել և ուսումնասիրել պաշտոնական վիճակագրությունը։ Պաշտոնական վիճակագրությունն է արձանագրում, որ տնտեսության բոլոր ոլորտները հայտնվել են անդունդի մեջ։ Ամենուրեք անկումներ են, առաջ գնալու փոխարեն՝ հետ ենք գնում։

Տնտեսական ակտիվության անկումը խորանում է, վատանում են հեռանկարները։ Մարտին տնտեսական ակտիվությունը նվազեց 4,9 տոկոսով, ապրիլին անկումը հասավ 17,2 տոկոսի, իսկ մայիսին, երբ արդեն տնտեսությունը բացված էր, գրանցվեց 12,8 տոկոս ակտիվության նվազում։

Եթե սա ճգնաժամ չէ, բա ի՞նչ է։ Սրան ինչ անուն ուզում ես՝ տուր, միևնույն է, դրանից իմաստը չի փոխվում։

Տնտեսությունը մտել է պերմանենտ անկման փուլ, հետընթաց է ապրում, ու դա ճգնաժամի ցայտուն արտահայտություն է։ Հավանաբար պետք չէ բացատրել, որ զարգացման ժամանակ տնտեսությունը ոչ թե հետ է գնում, այլ առաջ, ոչ թե անկում է արձանագրվում, այլ աճ։

Իսկ ի՞նչ ունենք մենք հիմա. ունենք այն, որ 5 ամսվա տվյալներով՝ Հայաստանում գրանցվել է տնտեսական ակտիվության 3,9 տոկոս նվազում։ Մեկ ամիս առաջ ակտիվության անկումը 1,7 տոկոս էր։ Իսկ տարվա սկզբին ունեինք գրեթե 10 տոկոսին մոտ աճ։ Ընդամենը 2-3 ամսում այդ աճը վերածվեց անկման, ու անկումը մեծ արագությամբ խորանում է։

Եվ, որ ավելի վատ է, այս ամենի վերջը չի երևում։ Չեն երևում անկումը կանխելու իշխանությունների քայլերը։ Կառավարությունում ավելի շատ խոսում են, քան գործ անում։ Իսկ դա նշանակում է, որ առաջիկայում տնտեսական ճգնաժամը շարունակելու է խորանալ, որ մեզ ավելի վատ օրեր են սպասվում, որ մարդիկ հայտնվելու են սոցիալական շատ ավելի ծանր վիճակում, չնայած այսօր արդեն իրավիճակը ճգնաժամային է։

Երբ վարչապետը հայտարարում է, որ ապրիլին Հայաստանում ավելի քան 71 հազար աշխատատեղ է փակվել, հետաքրքիր է, դա սոցիալական ճգնաժամի նշա՞ն է, թե՞ ոչ։ Եվ ո՞րն է աշխատատեղերի փակման հետևանքը։ Հետևանքն այն է, որ ավելի քան 71 հազար մարդ զրկվել է աշխատավարձի տեսքով եկամուտ ստանալու հնարավորությունից։

71 հազարը՝ գրանցված աշխատողների 12 տոկոսն է։ Երբ 1 ամսում երկրում 71 հազար աշխատող կորցնում է իր եկամուտները, դեռ չհաշված, թե քանի մարդ կա կանգնած նրանց հետևում, դա սոցիալական ճգնաժամի դրսևորո՞ւմ է, թե՞ չէ։

Երբ վերացնում ես տնտեսական սահմանափակումները, բայց նույնիսկ դրանից հետո 21 հազար մարդ շարունակում է զրկված լինել աշխատավարձի տեսքով ստացվող իր նախկին եկամուտներից, հիմա այդ մարդկանց սոցիալական վիճակը վատանո՞ւմ է, թե՞ լավանում։ Թե՞ կարծում են, որ կառավարության տված մի քանի հազար դրամ օժանդակությունը բավարար է սոցիալական խնդիրները հաղթահարելու համար։

Այն, որ այս տարի տասնյակ-հազարավոր քաղաքացիներ զրկվել են արտերկրում աշխատելու հնարավորությունից ու մնացել են առանց եկամտի, հիմա այդ մարդկանց սոցիալական վիճակը լավացե՞լ է, թե՞ վատացել։

Անժխտելի է, որ մեր երկրում տեղի է ունենում գործազրկության ավելացում և աղքատության խորացում։ Ու այնքան էլ կարևոր չէ, թե դրան ինչ անուն կտանք։

Հատուկ չիմացողների համար հավանաբար արժե նաև արձանագրել, որ երբ երկրում նվազում է սպառողական պահանջարկը, երբ կրճատվում են առևտրի շրջանառությունները, երբ իջնում է մարդկանց գնողունակությունն ու վճարունակությունը, դա սոցիալական իրավիճակի վատացման հետևանք է։ Լավ պայմաններից չէ, որ մարդիկ դադարում են հնարավորինս քիչ միջոցներով բավարարել իրենց պահանջները։

Ի վերջո, եթե Հայաստանում սոցիալական ճգնաժամ չկա, եթե տնտեսությունը «փայլուն» վիճակում է, ապա ինչո՞ւ են թերակատարվում պետական բյուջեի եկամուտները, ինչո՞ւ ենք մի քանի հարյուր միլիոն դոլար ավել պարտք վերցնում՝ նախատեսված բյուջետային ծախսերը, այդ թվում՝ սոցիալական ծախսերը կատարելու համար։ Գոնե գիտե՞ք, թե վերջին ամիսներին ո՞ւր է հասել բյուջեի եկամուտների թերակատարումը։ Միայն մայիսին նախատեսվածի համեմատ ավելի քան 30 տոկոսով պակաս հարկային մուտքեր ենք ունեցել պետական բյուջե։ Եթե տնտեսության մեջ ամեն ինչ այդքան լավ է, ճգնաժամ չկա, բա ո՞ւր են բյուջեի փողերը։

Եվ վերջում, ևս մեկ փաստ, որը լավ կլիներ իմանալ. այսօր Հայաստանը ոչ միայն տնտեսական ու սոցիալական, այլև հումանիտար ճգնաժամի մեջ է։ Վտանգված է մարդկանց անվտանգությունը, պետական ինստիտուտներն ի վիճակի չեն ժամանակին և լիարժեք բավարարել հասարակության առողջապահական պահանջարկը։ Համակարգը կանգնած է կոլապսի եզրին։

Այլ կերպ՝ գործ ունենք ոչ միայն սոցիալական ու տնտեսական, այլև  առողջապահական ճգնաժամի հետ։ Համավարակի նկատմամբ ժամանակին ցուցաբերած անլուրջ վերաբերմունքի հետևանքով՝ օրական տասնյակ մահեր ենք ունենում։

Եթե սրանք ճգնաժամեր չեն, ապա ի՞նչ են։ Թեև ոչ մի նշանակություն չունի, թե դրանք ինչպես կկոչենք։ Եթե ուզում եք՝ կարող եք այլ անուն տալ, բայց միևնույն է, դրանից երևույթի էությունը չի փոխվում։

Մեր խնդիրն այն չէ, թե ինչպես կկոչվի այս ամենը, այլ այն, թե ինչո՞ւ հայտնվեցինք այս վիճակում, և ի՞նչ պետք է անել՝ դրանից դուրս գալու համար։

KFC

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ