29 Փետրվարի, Saturday, 2020
KFC

Նիկոլ Փաշինյանի և իր տիկնոջ դեմքերին ես կարեկցության նշույլ չտեսա. ինչպե՞ս հավատանք նրանց». Կարինե Նալչաջյան

F9ADEE39-980E-458D-8C6B-DA8E6B697DDC

Հոգեբան Կարինե Նալչաջյանը 168TV«Ռեվյու»հաղորդման ժամանակ ասաց, որ ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվանից հետո սոցիալական ցանցերում և հասարակության մեջ գերակշռում էր ցավի ռեակցիան. «Բայց սա այնքան նուրբ հարց է, որ եթե բազմաթիվ ցավակցական ռեակցիաների մեջ դու տեսնում ես թեկուզ մեկ բարոյականության դեմ տեսակետ, գրառում, սա արդեն ցնցող է, և թույլ է տալիս մտածել, որ մեզ հետ, երևի, ինչ-որ բան է կատարվել»:

Հայ հասարակության մեջ հոգեբանը նկատում է բարոյական նահանջ. «Այսինքն՝ դու որոշակի բարոյական մակարդակի հասել ես, բայց ինչ-ինչ հանգամանքների, ազդակների բերումով՝ մի տեսակ ետ ես գնում: Մեր հասարակությունը շատ յուրահատուկ ժամանակներում է ապրում. իրադրությունը քաոսային է՝ և՛ սոցիալական, և՛ հոգեբանական իմաստով: Մարդիկ արդեն տևականորեն ապրում են այնպիսի հանգամանքներում, այնպիսի ազդակների ներքո, որոնք մարդու ներսում բևեռային ապրումներ են առաջացնում: Տեսեք՝ 2018թ. գարնանը տեղի ունեցավ գունավոր հեղափոխություն, և շարքային քաղաքացու ինքնագնահատականը բարձրացավ, որ իրեն հաջողվել է երկրի ղեկավարություն փոխել: Բայց այդ ամենը տեղի ունեցավ ատելության ֆոնի վրա: Այս պրոցեսները չեն սկսվել 2018թ. գարնանը, դրանք նախապատրաստվում էին: Քաղաքական հոգեբանության մեջ դա կոչվում է մշակութային նախապատրաստում, այսինքն՝ մարդկանց մշակութային, կրթական մակարդակն ես իջեցնում, լեզվամտածողությունն ես իջեցնում, ու ինքը դառնում է հեշտ կառավարելի: Այստեղ շատ մեծ դեր է խաղացել հեռուստատեսությունը. այդ սերիալների, երգիծական հաղորդումների մակարդակի վերաբերյալ հարցերը երբ բարձրացնում էինք, մեզ ասում էին՝ ինչ պահանջում են, դա ենք տալիս»:

Այս օրերին բուռն քննադատությունների արժանացավ այն, որ նույնիսկ ձյան վերաբերյալ գրառում կատարող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում որևէ կերպ չանդրադարձավ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին, և նրա ցավակցական խոսքը հնչեց միայն այն բանից հետո, երբ «168 Ժամը» դիմեց կառավարություն: Հոգեբանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞վ է բացատրում Նիկոլ Փաշինյանի այս վերաբերմունքը, և արդյո՞ք այն կարող էր նպաստել Ֆեյսբուքում այդ դեպքի վերաբերյալ ոչ համարժեք արձագանքներին: «Անշուշտ, կարող է նպաստել, որովհետև բնական է, որ, եթե երկրում տեղի է ունենում նման ողբերգական իրադարձություն, դա պետության խնդիրն է: Ընդ որում՝ արդեն ուժային ոլորտի երրորդ պաշտոնյայի մահվան դեպքն է: Եվ բնական է մարդկանց սպասումը, որ երկրի ղեկավարը պետք է անմիջապես իր դիրքորոշումն արտահայտի՝ ցավակցի այդ ողբերգության կապակցությամբ: Եթե մարդիկ տեսնում են, որ երկրի ղեկավարի մտածմունքների առարկան ձյունն ու ձնագնդին են, մարդկանց սպասումները, մեղմ ասած, չեն արդարանում: Մեր երկրին այսօր շատ է պակասում լրջությունը»,- ասաց նա:

Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքների վերաբերյալ ՀՔԾ տարածած հաղորդագրությունից, հոգեբանի խոսքով, հնարավոր չէ ամբողջական պատկերացում կազմել, թե ինչ է իրականում տեղի ունեցել: «Բոլոր դեպքերում, ինչպես նկարագրում են, երևում է, որ մարդն այդ օրերին գտնվել է լարված հոգեվիճակում, ինչ-որ մի բան այն չի եղել: Թեև նա շատ կարճ պաշտոնավարեց, բայց այդ կերպարը շատ լրջմիտ, հավաքված, իր գործի ամբողջ պատասխանատվությունը զգացող մարդու կերպար է: Եթե հիմա ասում են, որ այդպիսի հավասարակշռված անձնավորությունը տանը նստած՝ իր պատերին է կրակել, ես չգիտեմ՝ ինչ հոգեվիճակ պետք է լինի: Սա բազմաթիվ հարցականներով հավասարում է»:

Հոգեբանն ընդգծեց, որ մարդկանց 85 տոկոսն իր կյանքի տարբեր պահերին ինքնասպանություն գործելու միտք է ունենում. «Այսինքն՝ սա նաև չի կարելի կապել հոգեկան հիվանդությունների հետ: Ուժային կառույցներում մարդիկ ավելի կայուն են, ավելի շատ բան տեսած, պատրաստված են: Եվ որպեսզի մարդը գնա այդ քայլին, խթանները շատ ավելի ուժեղ են լինում»:

Գեորգի Կուտոյանի մահվան դեպքից հետո բազմաթիվ կարծիքներ են հնչում, թե հասարակությունն ավելի դաժան է վարվելու գործող իշխանության հետ, քանի որ նրանք հասարակության էմոցիաների վրա են կառուցել իրենց ռազմավարությունը: Հոգեբանից հետաքրքրվեցինք՝ նման վտանգ տեսնո՞ւմ է:
«Այո, տեսնում եմ: Քաոսային վիճակ է ստեղծվել, և մինչև հիմա դա շարունակվում է: Տեսեք՝ պետական ինստիտուտները թշնամի են հայտարարվում, վարչապետը ջարդուփշուր անելու հարց է դրել: Կարելի է հավասարության նշան դնել և ասել, որ պետությունը խանգարում է: Երբ քաոտիկ իրավիճակ ես ստեղծում, այդ քաոսը նաև մարդկանց հոգեկան աշխարհում է արտահայտվում: Շատ հեշտ է քաոս ստեղծել, երբ մարդուն ասում ես՝ ես քեզ սիրում եմ, դրական հուզական կապ ու սպասումներ ես ստեղծում: Մարդը սպասում է, սպասում, ու մեկ էլ սիրո փոխարեն՝ ապտակ է ստանում: Առհասարակ, հեղափոխության բովի մեջ մտնում են այն մարդիկ, ովքեր իրենց բնույթով ներշնչվող են: Հեղափոխական պրոցեսների մեջ ավելի շատ ներգրավվում են բարձր հուզականություն ունեցող մարդիկ: Հիմա տեսեք, այդ մարդիկ կարող են ոգևորվել, կուռքեր ստեղծել, հավատարիմ ձևով կառչել իրենց սպասումներից, բայց եթե ինքը ընկավ հակառակ հուզական վիճակի մեջ, իրենից կարող ես սպասել հակառակ բնույթի գործողություններ: Դա քաղաքացիական պատերազմի հոգեբանական պլատֆորմ է ստեղծում»,- պարզաբանեց հոգեբանը:

Միևնույն ժամանակ, Կարինե Նալչաջյանն ասաց, որ, եթե դրական տեղաշարժեր լինեն, ապա հասարակությունը կհանգստանա և կանցնի իր առօրյային. «Հիմա մարդիկ իրենց կյանքով չեն ապրում, սպասում են, թե վարչապետը կամ մյուսն ինչ կասեն: Այսօր թեմաներ են առաջ քաշվում, որ մտածում ես՝ եթե դու անկեղծ էիր, եթե այլ ծրագրեր չես իրականացնում, երբ դու հարթակի վրա էիր, և մարդկանց մեծ բազմություն ոգևորված քեզ էր նայում ու լսում, ուղղակի ասեիր, որ այսօր մարդիկ աղքատ են, որովհետև աղքատությունը ձեր գլուխներում է, և այլն: Մենք մի բան լսել ենք, մեկ ուրիշ թեմատիկայի առնչվում ենք: Ինձ համար շատ տխուր տեսարան էր, երբ Փաշինյանն ու իր տիկինը Տավուշի մարզում էին, մի տարեց կին մոտեցել և իր ցավի մասին էր խոսում, ցավալի հարցեր էր բարձրացնում. Ես նայում էի նույն Փաշինյանի, իր տիկնոջ, կադրում երևացող մյուսների դեմքերին և այնտեղ կարեկցության նշույլ չտեսա, մի տեսակ հրճվագին դեմքեր էին, և եթե ձայնը հանեինք, կարող էինք ենթադրել, որ այդ տատիկը շնորհակալություն էր հայտնում, որ, օրինակ, մանկապարտեզ են վերանորոգել: Եվ մի քանի օր անց՝ Ամանորին, վարչապետը մոտավորապես հետևյալն է ասում՝ ձեր բոլորի ցավն իմ ցավն է: Հասարակ քաղաքացին կամ այդ նույն տատիկը ո՞նց հավատա դրան»:

Մանրամասները՝ 168 TV-ի տեսանյութում

 
KFC

Արխիվ

Փետրվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ