23 Ապրիլի, Երեքշաբթի, 2019

Ամենախորը ուսումնասիրված և ամենաշատ քննարկված կառավարության ծրագիրը

591133

Հանուն արդարության պետք է խոստովանել, որ Ազգային ժողով ներկայացված Փաշինյանի կառավարության ծրագիրը երբևէ ամենամանրակրկիտ ուսումնասիրված և լայնորեն քննարկված կառավարության գործունեության ծրագիրն է Հայաստանի նորագույն պատմության մեջ։

Պատճառները շատ են, բայց փորձեմ ներկայացնել դրանցից ամենաառանցքայինները։

1. Գաղափարախոսության բացակայությունը

Իշխանության եկած ուժը ներկայացնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը, չունենալով հանրային լայն ճանաչում ՀՀ քաղաքացիների շրջանում, քաղաքական դաշտում ներկայացված էր առաջնորդի՝ Նիկոլ Փաշինյանի անձով։

Նախկին ռեժիմի հանդեպ հանրության մոտ ձևավորված հակարկրանքի վրա ձևավորված և գեներացված ժողովրդական լայն զանգվածների ճնշման արդյունքում իշխանության գալուց հետո տեղի ունեցած երկու ընտրություններում իշխանությունը խուսափեց ներկայանալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեմքով և նախընտրեց հանրության մեջ ճանաչում ստացած «Իմ քայլը» դաշինքը։ Երկու ընտրություններում էլ իշխանությունը ներկայացավ Նիկոլ Փաշինյանի դեմքով՝ քաղաքական գործընթացը կուսակցականությունից տեղափոխելով դեպի անձակենտրոն հարթություն։

Կարիք չկա հիմնավորելու, որ անձակենտրոն քաղաքական հարթության վրա գաղափարախոսություններին փոխարինում են պոպուլիզմն ու անձի պաշտամունքը, իսկ եթե սրան հավելենք նաև այն իրողությունը, որ նախընտրական ծրագիր՝ որպես այդպիսին, ընտրություններին չի ներկայացվել, ապա քաղաքական օրակարգի վակուումը դառնում է անխուսափելի։

Այս իրավիճակում քաղաքական գործընթացների ուղենիշերի սահմանման միակ հնարավորությունը մնում է ընտրությունների արդյունքում հաղթած անձի՝ Նիկոլ Փաշինյանի կողմից խորհրդարան ներկայացված կառավարության ծրագիրը։

2. Խոստումների անթույլատրելի առատությունն ու ակնկալիքների չհիմնավորված բարձր նշաձողը

«Նախահեղափոխական» և «հետհեղափոխական» գործընթացներում Փաշինյանի կողմից հնչեցվեցին հայեցակարգային մտքեր, որոնք ընտրողների և հասարակության լայն շերտերի շրջանում առաջացրին անիրականանալի սպասելիքներ։

Մասնավորապես, հայտարարվեց, որ «ժողովրդից տասնամյակների ընթացքում թալանված բոլոր փողերը պետք է վերադարձվեն ժողովրդին», կամ «այսուհետ Հայաստանում ամեն ինչ որոշելու է ժողովուրդը», «Հայաստանում սպասվում է ներդրումների մեծ հոսք և տնտեսական հեղափոխություն»։
Այս բոլոր խոստումների իրագործման մեխանիզմներն ու գործիքները պետք է ամրագրված լինեին կառավարության ծրագրում, հետևաբար պետք է սպասել հանրության կողմից ծրագրի նկատմամբ ընդգծված ուշադրության։

3. Հնչեցված խոստումների և ակնկալիքների նկատմամբ պրոֆեսիոնալ և մասնագիտական հանրույթի թերհավատությունն ու անվստահությունը Փաշինյանի անձին և նրա թիմի հանդեպ։

Վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները Հայաստանի պրոֆեսիոնալ հանրույթի մոտ լրջագույն անհանգստություն և մտահոգություն առաջացրին։

Լինելով կրթված և փորձառու՝ նրանք շատ լավ գիտակցում էին, որ այս անիրականանալի խոստումների առատությունը մեծ հավանականությամբ կհանգեցնեն զանգվածային հիասթափության, իսկ որոշ դեպքերում՝ նաև հուսահատության։ Իր կողմնակիցներին որպես «ժողովուրդ» որակելը և նրանց պետության ու պետական ինստիտուտներին հակադրելն անխուսափելիորեն կհանգեցնեն «ժողովրդական» ցանկությունների, շահերի և պետական ու ազգային շահերի բախման, որի արդյունքում կպարտվի պետությունն ու պետականությունը։

Իրավիճակի շտկումը հնարավոր է միայն իրական և պետականակենտրոն ընդդիմության ձևավորման միջոցով, սակայն դրա համար անհրաժեշտ է հստակեցնել իշխանության դիրքավորումը։

Դժվար խնդիր է պոպուլիզմի անթույլատրելի բարձր դոզայի պայմաններում, բայց պրակտիկ քաղաքականությունը ինչ-որ փուլում կստիպի Փաշինյանին կոնկրետացնել իր քաղաքական դիմագիծը։

Որպես այդպիսի հանգրվան՝ բոլորի կողմից դիտարկվում էր նոր կառավարության գործունեության ծրագիրը, որտեղ Փաշինյանը ստիպված պետք է լիներ ամրագրել իր՝ որպես իշխանության, ծրագրային դրույթները, այդ իսկ պատճառով Հայաստանի պրոֆեսիոնալ հանրույթն անհամբերությամբ սպասում էր այս ծրագրին, և պատահական չէ նաև նրանց կողմից հնչեցվող գնահատականների առատությունը։

Արթուր Ղազինյան

Արխիվ

Ապրիլի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ