ՀՀԿ-ն ողջունում է Օսկանյանի եւ ԲՀԿ-ի ինքնաքննադատությունը
ԲՀԿ համագումարին հնչած քննադատական ելույթները ոչ այլ ինչ էին, եթե ոչ ինքնաքննադատություն: Այդ մասին այսօր Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը՝ մեկնաբանելով ԲՀԿ համագումարին հնչած առանցքային ելույթները:
Նրա խոսքով՝ ԲՀԿ-ն իշխանության մաս կազմելով, կոալիցիայի անդամ լինելով, հավասարապես պատասխանատու է բոլոր թերությունների համար: Ամեն դեպքում, ՀՀԿ փոխնախագահի կարծիքով` պետք է քննադատել, որ հնարավոր լինի նաեւ առաջ գնալ:
՛՛ Ինքնաքննադատությունը նշանակում է, որ փորձում ենք ավելի զարգանալ, ավելի առաջ գնալ, մենք ուզում ենք վերափոխվել, սա մեր լոգոն է, չէ որ հավատացինք, որ եկանք հասանք այսօրվա Հայաստանին, այլ հարց է՝ ինչ որակի Հայաստան է, բայց մենք ակտիվ համագործակցում ենք Եվրոպայի հետ, այնպես որ ամեն լավ բան դեռ առջեւում է՛՛,- ասաց Ռազմիկ Զոհրաբյանը՝ հավելելով.
՛՛Վարդան Օսկանյանն էլ բավական սուր քննադատությամբ հանդես եկավ, եթե նա մի քանի ամիս առաջ իշխանության մեջ չէր, ապա ԲՀԿ մտնելով անմիջապես դառնում է իշխանության մաս, այնպես որ ինքը իրեն է քննադատել, ոչ թե միայն մեզ՛՛: