Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում
Ապրիլի 24-ին Հայոց Մեծ Եղեռնի 97-ամյակի կապակցությամբ Դամասկոսի առաջնորդանիստ Սբ. Սարգիս Եկեղեցում մատուցվեց սուրբ պատարագ, ապա հոգեհանգստյան կարգ Ցեղասպանության հուշարձանի մոտ, որից հետո սգո արարողության մասնակիցներն ուղեւորվեցին Դամասկոսի հայոց գերեզմանատուն` ուր գտնվում է Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրը:
Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառումները Բուենոս Այրեսում տեղի ունեցան ապրիլի 22-24-ը:
Կիրակի` ապրիլի 22-ին, Հայ կաթողիկե եկեղեցում տեղի ունեցավ Մեծ եղեռնի զոհերին նվիրված պատարագ: Պատարագից հետո եկեղեցուն հարող “Արմենիա” անունը կրող հրապարակում կայացավ զոհերի հուշարձանին ծաղկեպսակի զետեղում: Ներկա էին Արգենտինայում ՀՀ դեսպանության անձնակազմը եւ տեղի համայնքային կառույցների ներկայացուցիչներ, արգենտինահայեր:
Հայոց ցեղասպանության 97-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շարքն Իսպանիայում մեկնարկեց ապրիլի 22-ին Մադրիդում եւ Բարսելոնայում: Կիրակի օրը Իսպանիայի մայրաքաղաքի “Iglesia de las Carmelitas” եկեղեցում կատարվեց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի պաշտոն, որին հաջորդեց մադրիդահայության ծխական խորհուրդի ուժերով կազմակերպված սգո հանդիսություն:
Ապրիլի 24-ին Նիդերլանդների Ասեն քաղաքում Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն, որը կազմակերպել էր հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի “Ապրիլ 24” կոմիտեն:
Արարողությունը սկսվեց Ասենի “Դե Բոսկամպ” գերեզմանատանը` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարի մոտ, ծաղկեպսակների տեղադրմամբ եւ հոգեւոր ծեսի կատարմամբ:
Ապրիլի 24-ին Ստրասբուրգի Հանրապետության հրապարակի “Մեր Զոհեր” հուշարձանի մոտ տեղի ունեցավ հիշատակի և ծաղկեպսակի զետեղման արարողություն` նվիրված Հայոց ցեղասպանության 97-ամյակին: