“Հայաթի” ԲՀԿ-ական երիտասարդներն եկել էին թամաշայի
Հայաստանում մեկնարկել են Ազգային ժողովի ընտրությունները:
Henaran.am-ի թղթակիցը եղել է Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոցում տեղակայված թիվ 5/27 տեղամասային կենտրոնում: Հանձնաժողովի նախագահ Գոհար Մկրտչյանը Henaran.am-ի թղթակցին տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ ընտրություններն անցնում են բնականոն հունով եւ օրենքով սահմանված կարգով: Այս տեղամասում գրանցված 1876 ընտրողներից ժամը 8.40-ի դրությամբ քվեարկել է 20 ընտրող:
Մեր թղթակիցին հանձնաժողովի անդամը “Ժառանգություն” կուսակցությունից` Մարգարիտա Հակոբյանը, փոխանցեց, որ ընդհանուր առմամբ ամեն ինչ խաղաղ է անցնում: Նրա ձեւակերպմամբ` որոշ ժամանակ առաջ “տարօրինակ դեմքեր” են եկել տեղամաս, որոնք ընտրությունների հետ որեւէ կապ չունեն: Մարգարիտա Հակոբյանի փոխանցմամբ` նրանք թաղային հեղինակություններ են եղել, որոնց հանձնաժողովի նախագահը թույլ չի տվել տեղամասում գտնվել:
Ի դեպ , ընտրությունների ընթացքն այստեղ նկարահանում է “Կենտրոն “ հեռուստաընկերության տեսախցիկը:
Արդեն տեղամասի տարածքում մեր թղթակիցը նկատել է 2 երիտասարդի, որոնք մոտեցել են, հետաքրքրվել, թե ովքեր ենք, ինչ նպատակով ենք այստեղ եւ ինչով կարող են մեզ օգնել: Երիտասարդներն ասել են, որ իրենք “Բարգավաճ Հայաստանի” ներկայացուցիչներ են, սակայն թղթակցի այն հարցին, թե ինչ են անում այստեղ, պատասխանել են, թե իրենք դիտորդ են:
Ի դեպ, երիտասարդները դիտորդի վկայական չունեին եւ մեր թղթակցի հարցին, թե եթե դիտորդ են, ապա որտեղ են նրանց վկայականները, պատասխանել են, որ “մեր վկայականները տալու են ընտրություններից հետո”: Երիտասարդներն ասել են, որ բնակվում են տեղամասին մոտ գտնվող շենքում եւ եկել են տեսնելու` ինչպես են ընթանում ընտրությունները: “Մեր հայաթն ա, եկել ենք”,-ասացին երիտասարդները, որոնցից մեկը ներկայացել է որպես դպրոցի պահակ:
Ընտրություններ 2012 Իրավական նախաձեռնություն