Քուշկյանը դեռ աշխատանքի է գալիս. նրան կփոխարինի Արա Բաբլոյանը
Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, ՀՀ առողջապահության նախարար կնշանակվի ԱԺ Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, նախկին առողջապահության նախարար Արա Բաբլոյանը:
Հիշեցնենք, որ այս պաշտոնում ԲՀԿ-ական Հարություն Քուշկյանին փոխարինելու համար շրջանառվում էր նաեւ Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանի անունը:
Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի մամլո խոսնակ Շուշան Հունանյանի փոխանցմամբ, Հարություն Քուշկանը այսօր եկել է աշխատանքի եւ աշխատում է: Հիշեցնենք, որ գործող կառավարությունը նորընտիր ԱԺ անդրանիկ նիստի օրը` մայիսի 31-ին, վայր կդնի լիազորությունները: ՀՀ Սահմանադրության համաձայն, տասնօրյա ժամկետում ՀՀ նախագահը, քննարկելով ԱԺ խմբակցությունների հետ, կնշանակի վարչապետ ԱԺ մեծամասնության աջակցությունը վայելող անձի: Այնուհետ, 20 օրյա ժամկետում, վարչապետի առաջարկությամբ, ՀՀ նախագահը կնշանակի կառավարության անդամներին:
Հավելենք, որ ԲՀԿ-ն հայտարարեց ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու աննպատակահարմարության մասին, ինչից կարելի է ենթադրել, որ ապագա կառավարությունում ԲՀԿ քվոտայով նախարարներ չեն լինի: