28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լավագույն ավանդույթը շարունակվում է

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ արդեն հինգերորդ  անգամ երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողները հնարավորություն են ստացել տեսակցության այցելել սահմանամերձ զորամասերում ժամկետային ծառայություն անցնող իրենց զավակներին: Հերթական այցի շրջանակում  Տավուշի, Սյունիքի մարզերի և ՀՀ հարավարևելյան սահմանամերձ զորամասեր են մեկնել ավելի քան 1000 ժամկետային զինծառայողների ծնողներ: Ավանդույթի համաձայն ծնողներին ճանապարհել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը: 

Այս անգամ էլ, ինչպես նախորդ բոլոր այցելությունների ժամանակ, Երևանի քաղաքապետարանը հոգացել էր, որ ճանապարհին ծնողները որևէ հոգս չունենան: Բարձրակարգ  ավտոբուսների շարասյանը ճանապարհի ամբողջ երկայնքով ուղեկցել է ճանապարհային ոստիկանությունը: Ավտոբուսներից  յուրաքանչյուրում նաև բժիշկներ են եղել:

Նախքան զինվոր որդիներին հանդիպելը, ծրագրի շրջանակում ինքնաբուխ ձևավորված ավանդույթի համաձայն, ծնողները նախ եղան Շուշիում, ուր  Ղազանչեցոց  Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում  մոմեր վառեցին և աղոթք հղեցին առ Աստված՝ հանուն երկրի խաղաղության, իրենց որդիների առողջության ու անփորձանք ծառայության: Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հովիվ Տեր Անդրեաս Թավադյանը, առիթն օգտագործելով, իր օրհնանքը փոխանցեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ այս նախաձեռնության համար:

Այցելած բոլոր զորամասերում ծնողների համար հատուկ ընդունելություն էր կազմակերպվել՝ ավանդական աղ ու հացով, զինվորական նվագախմբով ու տողանով: Զորամասերում ծնողները նաև ծաղիկներ են խոնարհել Սպարապետ Վազգեն Սարգսյանի,  զոհված ազատամարտիկների հուշարձաններին: Ծառայության մեջ աչքի ընկած զինվորները հանդիսավոր պայմաններում պարգևատրվել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհակալագրերով, իսկ որոշ սպաներ՝ Երևանի քաղաքապետարանի զինանշանով ժամացույցներով: Բոլոր զորամասերին Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվել է նաև անհրաժեշտ տեխնիկա: Այն զինվորներին, որոնց ծննդյան օրը համընկել էր այցելությանը, հաճելի անակընկալ էր սպասվում. Երևանի քաղաքապետի կողմից նրանց  հատուկ նվերներ փոխանցվեցին:

Հուզիչ անակնկալ էր սպասվում նաև այն զինվորներին, ովքեր մայրաքաղաքում հարսնացու ունեին. քաղաքապետի հանձնարարությամբ նաև հարսնացուներն էին այցելել զորամասեր, ուր և հանդիպեցին իրենց զինվոր նշանածների հետ ու նրանցից փափուկ խաղալիքների տեսքով նվերներ ստացան: Հրամանատարությունը զինծառայողների ծնողներին հնարավորություն է ընձեռել շրջել զորամասերում, ծանոթանալ իրենց զավակների ծառայության պայմաններին: Ցանկացողները եղել են նաև ճաշարաններում, ծանոթացել ճաշացանկին:
Կարևորելով սոցիալական նշանակություն ունեցող այս նախաձեռնությունը՝ ինչպես զինծառայողների ծնողները, այնպես էլ իրենք՝ զինծառայողները, իրենց երախտագիտությունն են փոխանցել քաղաքապետ Տարոն Մարգարյանին`պարբերաբար ցուցաբերվող ուշադրության և վերաբերմունքի համար:

Այցելության ծրագրում ընդգրկված բոլոր զորամասերի  հրամանատարները ևս մեկ անգամ ընդգծել են, որ Երևանի քաղաքապետի այս նախաձեռնությունը ոչ միայն սոցիալական, այլև բարոյահոգեբանական շատ կարևոր նշանակություն ունի և իր նպաստն է բերում  բանակ-հասարակություն կապի ամրապնդման, զինված ուժերի մարտունակության բարձրացման գործին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ