Պետք է ուսումնասիրենք. ԵԱՀԿ նախագահը՝ ՌԴ-ից Բաքվին վաճառվող զենքի վերաբերյալ
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարար Իվիցա Դաչիչի բանակցությունների կենտրոնում եղել են ԵԱՀԿ օրակարգային հարցերը, քննարկվել է Ղարաբաղյան հարցը, այդ ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ-ի գործունեությունը։ Այս մասին այսօր համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Նալբանդյանը:
Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի հայտարարությանը, թե հույսեր է կապում ԵԱՀԿ գործող նախագահի՝ տարածաշրջան կատարած այցի հետ՝ Նալբանդյանն ասաց. «Մինչ այսօր Ադրբեջանը բավական ապակառուցողական և անիրատես դրսևորում էր ցուցաբերում ԼՂՀ հարցի վերաբերյալ: Վերջին անգամ դա եղավ Արևելյան գործընկերության գագաթաժողովին: Ներկա բոլոր երկրները միակարծիք էին ԼՂՀ հարցի վերաբերյալ, միայն Ադրբեջանն էր, որ այլ կարծիք ուներ: Եթե իրենք մտադիր են այսուհետ փոխվել ու այլ դիրքորոշում դրսևորել, այո, ինչո՞ւ ոչ, կապրենք կտեսնենք»։
ԵԱՀԿ գործող նախագահն էլ շեշտեց, որ Ադրբեջանն ունի ինչ-որ գաղափարներ, որոնք ներկայացվել են իրեն Մինսկի խմբի համանախագահների կազմի ընդլայնման վերաբերյալ: «Դա նոր առաջարկ չէ, բայց նման առաջարկի համար պետք է կոնսենսուս լինի: Մինսկի խումբը պետք է աշխատի իր ձևաչափով: Մենք պետք է ուժեղացնենք խաղաղությունը, ամրապնդենք կայունությունը»:
Հարցին, թե ինչպես է վերաբերում նրան, որ ՌԴ-ն զենք է վաճառում Ադրբեջանին, որն օգտագործվում է հայ զինվորների դեմ, Իվիցա Դաչիչը պատասխանեց. «Բոլորը պետք է կատարեն այն պարտավորությունները, որ վերցրել են իրենց վրա: Երկրները, որոնք միջնորդ են, պետք է աջակցեն խաղաղության ամրապնդմանը: Մենք պետք է ուսումնասիրենք, թե ինչքանով են ճիշտ այդ հայտարարությունները: Այստեղ դեսպաններ են, և ես նրանց հանձնարարում եմ պարզել այդ: Ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև մնացած դեպքերում հարցը պետք է ուսումնասիրել»: