«Հույս ունեմ, որ այդ մղձավանջը մոտենում է իր ավարտին». Լուսինե Բադալյան
Blognews.am-ի հարցերին է պատասխանում հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը:
-Լուսինե, միշտ հանդես եք եկել որպես ակտիվ քաղաքացի, սակայն վերջին շրջանում բավականին պասիվացել եք։ Խոսակցություններ կան, որ դա ճնշումների արդյունք է, քանի որ քչացել են Ձեր հրավերները, աշխատավայրում խնդիրներ են առաջացել։
-Չէ, աշխատանքային առումով փոփոխություն բացարձակ չկա և չի եղել։ Որպես քաղաքացի՝ պասիվացում կա, քանի որ ավելի երիտասարդ գիտակցության ժամանակ ամեն ինչին ավելի բուռն ես արձագանքում, բայց ինչքան ավելի լուրջ ես ընդունում խնդիրը, այնքան տեսնում ես, որ այդ խնդիրն այդքան էլ միակողմանի չէ։
Մի քանի անգամ սկսվեցին պայքարներ, որոնց կեսից հասկացա, որ իրականում շատ սխալ ուղղությամբ եմ գնում, որովհետև, իբրև թե, գնում եմ բարի գործ անելու համար, սակայն հաշվի չէի առել, որ հոնքը սարքելու փոխարեն կարող ես աչքը հանել։
Երբ խնդիր կա, պետք է ավելի խորն ուսումնասիրես, ոչ թե սկսես բղավել՝ ես այսինչ բանին դեմ եմ կամ կողմ եմ։ Գալիս է մի պահ, երբ հասկանում ես, որ յուրաքանչյուրս արժանի ենք նրան, ինչ ունենք։ Պետք չէ պայքարը սկսել ինչ-որ երևույթի դեմ, մեր պայքարն ի սկզբանե պետք է լիներ ճիշտ մենթալիտետ, դաստիարակություն, լայն աշխարհայացք սերմանելու համար։ Սա, թերևս, կրթական հարց է։ Հիմա ես ավելի շատ հետևողի կարգավիճակում եմ ու հասկանում եմ, որ մենք շատ ավելի մեծ խնդիր ունենք, դա մեր սահմանափակ երիտասարդությունն է։ Ինչ խոսք, երիտասարդության ոսկե շերտ ունենք, բայց նրանք կորում են մեծ ամբոխի մեջ։
-Արժանի ենք, որովհետև հասարակության լայն զանգվածը չի՞ միանում պայքարին։
-Ինձ ավելի շատ սկսեց դուր չգալ միացող զանգվածը։ Կա հիմնական մաս, որը գիտակցված է միացել պայքարին, գիտի՝ ինչ է անում, կիրթ, խելացի մարդիկ են, բայց այն լայն զանգվածը, որը միանում է, ուղղակի ձգտում է կյանքն ինչ-որ բանով լցնել։ Այսինքն՝ չգիտեն՝ ինչին և ինչու են միանում, ում կողմից է ուղղորդվում և տարվում այդ պայքարը։ Այս պայքարում գործում է «ով իմ կողմից չէ, իմ դեմ է» սկզբունքը, այսինքն՝ խոսում են հայրենասիրության մասին, բայց սկսում են ամենավերջին ձևով հայհոյել իրենց չմիացողներին։ Ինձ համար անընդունելի է խոսել հայրենասիրութան մասին, բայց քո հայրենակցին դարձնել բարոյազրկված։ Այդ ակտիվ մասսան ինձ ստիպում է չդառնալ իրենցից մեկը։ Եթե և՛ ես եմ ակտիվ ու պայքարող, և՛ ինչ-որ մեկը, ով իր կարճ խելքով մեկին դավաճան է անվանում, մյուսին՝ հերոս, ու դա լայն արձագանք է ստանում, ապա ես չեմ ուզում լինել նրանցից մեկը։
– Շատ կուսակցություններ, անձինք փորձում են մտնել պայքարած, արդեն ինչ-որ հաջողության հասած ճյուղի մեջ և իմիտացիա ստեղծել, որ իրենք այդ ամենի առաջնորդ են եղել։ Արդյո՞ք սա ևս նպաստել է Ձեր պասիվացմանը։
-Դա շատ լուրջ խնդիր է։ Առաջին քայլը, որն ինձ համար զգուշացում էր, եղել է դա, որովհետև սկսեցի շատ լսել, որ ես այս կամ այն կուսակցությանն եմ հարում։ Դրանք շատ նուրբ ձևով կաթացվեցին հասարակության մեջ։ Իհարկե, դա չի վախեցնում ժողովրդի առջև ծառացած խնդիրների դեմ պայքարելուն։ Այս փուլում երկրորդ և ավելի մեծ հիասթափեցնող հանգամանքն ինձ համար տարերայնորեն ակտիվացած զանգվածն է։
-Նշեցիք, որ երբ ցանկանաք, կարող եք Ձեր կյանքը շարունակել դրսում։ Մտածո՞ւմ եք մեկնելու մասին։
-Երբեք չեմ մտածել։ Հիմա ճակատագրի բերումով շատ հաճախ եմ հայտնվում դրսում, բայց ամեն վայրկյան հույս ունեմ, որ այդ մղձավանջը մոտենում է իր ավարտին։ Թեև ուրիշ երկրում գուցե ավելի լավ է, մարդիկ քեզ ավելի լավ ու լուրջ են վերաբերում, բայց սա է իմը։ Այս հողի, երկրի նկատմամբ իմ խենթ սերը ոչ մի հիասթափություն չի կարողացել պակասեցնել։ Սա ծնող-երեխա կապի պես մի բան է։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: