Հայերին մորթեցին իրենց բնօրրանում.թուրք մտավորական
Գերմանաբնակ թուրք մտավորական, Համբուրգի երկրամասի պառլամենտի ձախերի խմբակցության ներկայացուցիչ Հասան Բուրգուջուօղլուն այս օրերին Հայաստանում է: Մտավորականը իր փոխանցմամբ փախել է Թուրքիայից, քանի որ հայերի Ցեղասպանության հարցի շուրջ հնչեցրած իր տեսակետների համար կարող էր նաև կյանքով հատուցել:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բուրգուջուղլուն բարձրաձայնեց իր դիտարկումները:
«Ես հայոց Ցեղասպանության առթիվ շատ կոնկրետ տեսակետ ունեմ, մենք պետք է այս հարցին հստակ առերեսվենք և դիրքորոշում հայտնենք: Ամենավատ բանը, որ կարող է մարդը` մարդուն անել դա տեղի ունեցավ Թուրքիայում, երբ թուրք և այլ մուսուլման ազգեր իր բնօրրանում հայ ժողովրդին խեղդեցին»,-ասաց թուրք մտավորականը:
Թուրք մտավորականը պատրաստ է պայքարել Ցեղասպանության վերջնական ճանաչման համար, այս ուղղությամբ նա աշխատանքներ է տանում Գերմանիայի պառլամենտում: Նա նշեց, որ պատգամավորական իրենց խումբը կազմված է 70 պատգամավորից ու իրենք բոլորն էլ պատրաստվում են քաղաքակիրթ ճանապարհով հաղթանակ գրանցելու:
Հասան Բուրգուջուօղլուն ընդդիմադիր է, նախկին քաղբանտարկյալ և իր կենսագրությամբ հայտնի է որպես հայամետ ու արդարադատ մտավորական:
«Ես չեմ տարանջատում ինձ այս մեղսագործությունից , մենք շատ կեղտոտ կենսագրություն ունեցող մարդկանց թոռներն ենք:15 թվականին տեղի ունեցած իրողության առնչվելը արդեն մարդ լինելու չափանիշ է ու ես մասամբ ինձ մաքրված եմ համարում»,-հավելեց Բուրգուջուօղլուն: