Կրպեյանը չխնայեց ոչինչ ՝ անգամ սեփական կյանքը
Ապրիլի 21-ին լրացավ Արցախյան ազատամարտի մասնակից, Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան 50-րդ տարեդարձը: Տարեդարձի առթիվ հիշատակի և ոգեկոչման միջոցառում էր կազմակերպվել նրա հայրենի գյուղում, որն այժմ կրում է հերոսի անունը:
Թաթուլ Կրպեյանը մեկն էր այն քաջարի հայորդիներից, ով Արցախյան ազատամարտի տարիներին շատերի պես զենք վերցրեց և մեկնեց ռազմաճակատ՝ պաշտպանելու հայրենի եզերքը: Ազգային ազատագրական պայքարի նվիրյալ, մեծ հայրենասեր Թաթուլ Կրպեյանը, ցավոք, բոլորեց ընդամենը 26 գարուն, սակայն իր ապրած կարճ, բայց իմաստալից կյանքով սերունդների համար, իրավամբ, հայրենիքին անմնացորդ նվիրվելու ինքնատիպ դաս դարձավ:
Ավանդույթի համաձայն հերոսի ծննդյան օրը նրա հայրենի գյուղը կրկին բազմամարդ էր: Բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ, Արցախյան ազատամարտի վետերաններ, ուսանողներ, դպրոցականներ, պատանի երկրապահներ և, իհարկե, Թաթուլի հարազատներն ու ընկերները եկել էին ևս մեկ անգամ հարգելու հերոսի հիշատակը, արժևորելու քաջարի հայորդու սխրանքը:
Ներկաները նախ եղան հերոսի հայրական տանը, որը պաշտպանության նախարարության աջակցությամբ շուտով կվերածվի տուն-թանգարանի: Բարձրաստիճան հյուրերի հաջորդ կանգառը Թաթուլ Կրպեյանի շիրիմի մոտ էր, որտեղ ծաղիկներ և ծաղկեպսակներ խոնարհվեցին Ազգային հերոսի հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ, կատարվեց հոգեհանգստի կարգ:
Հաջորդիվ տեղի ունեցած հանդիսավոր միտինգի ընթացքում ներկաներին իր օրհնությունը բերեց Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազան Պռոշյանը: Ողջույնի խոսքերով հանդես եկան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Թաթուլ Կրպեյանի դուստրը՝ Ասպրամ Կրպեյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը և այլք: Բոլորն էլ միաբերան փաստեցին, որ Թաթուլը ազգային ոգով օժտված մեծ հայրենասեր էր, առաջիններից էր, ով հայրենիքի համար ծանր ու բախտորոշ պահին նետվեց ազատագրական պայքարի հորձանուտը՝ համակված կորուսյալ հայրենիքը անգամ արյան գնով վերադարձնելու վճռականությամբ: Այդ նվիրական փափագին հասնելու ճանապարհին Կրպեյանը չխնայեց ոչինչ ՝ անգամ սեփական կյանքը: Եվ հատկանշական է, որ Արցախյան ազատամարտում ընդհատված նրա կենսագրության էջերը մինչ օրս էլ երիտասարդության համար ոգեշնչման ու հայրենասիրության յուրօրինակ դասեր են:
Հանդիսավոր միջոցառման գեղարվեստական մասն ապահովեցին Թ. Կրպեյանի անվան միջնակարգ դպրոցի սաները, ովքեր արտասանեցին հերոսի բանաստեղծություններից, ինչպես նաև ՊՆ «Զորական», «Սարդարապատ» համույթների սաները, մի շարք երգիչ-երգչուհիներ և այլոք:
Թաթուլը Կրպեյանը ծնվել է 1965թ. ապրիլի 21-ին Հայաստանի Թալինի շրջանի Արեգ գյուղում։ Երևանի պետական Համալսարանի պատմության ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող Թաթուլը միացել է ազատագրական շարժմանը։ 1990 թվականի սեպտեմբերից մինչև 1991 թվականի մայիսը ղեկավարել է Հյուսիսային Արցախի Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանությունը: Զոհվել է 1991 թվականի ապրիլին ադրբեջանցի հրոսակների իրականացրած «Օղակ» գործողության ժամանակ, որի նպատակն էր բռնի տեղահանել Գետաշենի ենթաշրջանի հայությանը: Թաթուլ Կրպեյանը թաղված է հայրենի Արեգ գյուղում, որը հետագայում հերոսի պատվին վերանվանվել է Թաթուլ: 1996 թվականի սեպտեմբերի 20–ին Թաթուլ Կրպեյանը հետմահու արժանացել է Հայաստանի ազգային հերոս բարձրագույն կոչման: