Սահմանամերձ համայնքներում ապաստարանների հարցը
ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից հետաքրքրվեց սահմանամերձ համայնքներում ապաստարանների կառուցման մասին. «Դրանք փայտյա կառույցներ են ու չեն բավարարում գյուղացիներին»,-ասաց նա՝ ընդգծելով, որ օրինակ դպրոցների ապաստարաններում քիչ մարդ կարող է գտնվել՝ չնայած նրան, որ վերջերս մշտապես կրակահերթեր են լինում: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ նշված խնդիրներն իրականացվում են ՀՀ քաղաքացիական պաշտպանության օրենքի համաձայն.
«Քանի որ 2014-15 թվականները ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ու Արցախում լարվածության աստիճանը բարձր է եղել, անկասկած, այդ կրակահերթերն ու լարվածությունն իր ազդեցությունն է ունենում նաև սահմանային բնակչության վրա, ասել է թե քաղպաշտպանության խնդիրներն այսօր պետք է առաջնահերթ խնդիրներից լինեն»,-ասաց նախարարը: Սեյրան Օհանյանը նկատեց, որ նախարարության կողմից ուսումնասիրվել են բոլոր սահմանամերձ բնակավայրերը:
Նա հայտնեց, որ ՊՆ-ն ու ՏԿԱՆ-ն միասին ստեղծել են աշխատանքային խումբ, որ իրականացնում է համապատասխան աշխատանքներ՝ ուսումնասիրելու քաղաքացիական պաշտպանության խնդիրներն ու ապաստարանների վիճակը՝ առաջին հերթին սահմանամերձ բնակավայրերում: Փոստանջյանն արձագանքեց, որ խոսել է սահմանամերձ Չինարի գյուղի գյուղապետի հետ, ով հայտնել է, որ բնակչությունը հազարից ավելի է, իսկ նախարարության կողմից կառուցված ապաստարանը չի բավարարում. կբավարարի մոտ երկու հարյուր մարդու: Նախարարի կարծիքով ՝այս խնդիրները 2015 թվականի ընթացքում կլուծվեն: