Նավթ հայտնաբերելու համար Սևանի տարածքն ուսումնասիրելու մեջ վտանգ չկա
Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը մտահոգություն չունի Սևանա լճում երկաբանահետախուզական աշխատանքների վերաբերյալ, որոնք կատարվելու են նավթ հայտնաբերելու համար: Այս մասին նա նշեց այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:
«Մասնագիտական մոտեցմամբ ոչ մի վտանգ չկա այդտեղ Սևանի հետ կապված: Ինչ վերաբերում է ուսումնասիրություններին, դա միայն Սևանի տարածքում չէ, նաև Սյունիքում է, Վայոց ձորում ու Գեղարքունիքի տարածաշրջանում: Որևէ վտանգավոր բան մասնագիտական մոտեցումներով չկա, և մենք չենք տեսնում»,-նշեց նա:
Նախարարը նկատեց. «Ուսումնասիրություններն այսպիսին են, մեքենայով ճանապարհ են անցնելու, էլեկտրոնային գործիքներով զգալու են որոշակի կետեր, որոնք ցույց կտան՝ այս տարածքում կա նավթ, թե ոչ:
Մտահոգություններն անհիմն են ընդհանրապես»:
Խոսելով վերջերս գայլերի կողմից մարդկանց հոշոտելու դեպքի մասին՝ նախարարն ասաց, որ ամեն մի գայլի որսի համար, որ վտանգ է ներկայացնում հասարակության համար, հատկացվում է հարյուր հազար դրամ գումար: