Շատ տխուր է տեսնել անմեղ կյանքերի կորուստը կրկին. Սաջադ Քամիր
«Երբ ես եկա ասյտեղ, առաջին իսկ հանդիպումս ԵԱՀԿ-ի դեսպանի հետ էր: Մենք բացարձակապես հանձնառու ենք մնում՝ սատարելու ԵԱՀԿ-ին ու Մինսկի գործընթացը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հարավային Կովկասում Եվրոպական խորհրդարանի պատվիրակության նախագահ Սաջադ Քարիմը՝ խոսելով սահմանին առկա լարված իրավիճակի ու Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի անընդհատ խախտման մասին: «Շատ տխուր է տեսնել անմեղ կյանքերի կորուստը կրկին: Մենք հանձնառու ենք անելու այն, ինչ կարող ենք անել առկա գործընթացների շրջանում, որպեսզի օգնենք քաջալերել բոլոր կողմերին, որպեսզի շարժվենք խաղաղության ուղղությամբ»,-նշեց նա:
Թե ինչու են կողմերին քաջալերում, երբ հստակ է, թե սադրանքները Ադրբեջանի կողմից են, Քարիմը միայն նշեց, որ այսօր ընդունված համատեղ տեքստում պատասխանը կա:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հավելեց, որ չնայած միջազգային հանրության հորդրոներին, նորմերին Ադրբեջանը, ցավոք սրտի, կամայականորեն խախտում է սահմանված այդ չափաբաժինները ու ռազմական բյուջեն հասցնում է մինչև հինգ միլիարդ դոլարի: «Ես աշխարհում չգիտեմ որևէ մեկ այլ երկիր, որ որպես ձեռքբերում է ներկայացնում իր ռազմական բյուջեն տասը տարիների ընթացքում երեսուն անգամ ավելացնելու փաստը: Մի կողմից միջազգային հանրությունը, Մինսկի խումբը, ԵՄ մեր գործընկերները համակարծիք են, որ հակամարտությունը ռազմական ճանապարհով չի կարող լուծում ունենալ իսկ Ադրբեջանը պնդում է դա ու շարունակում է սպառազինությունների առքը»,-եզրափակեց պատգամավորը: