15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Տարածքային հերթական զիջումը բերելու է գոյութենական մասշտաբային աղետի․ «Ջենեսիս Արմենիա»

«Genesis Armenia – Ջենեսիս Արմենիա» կենտրոն-հիմնադրամը հայտարարություն է տարածել․

«Տավուշում այս օրերին վճռվում է գալիք Հայաստանի հեռանկարը: Մեր հայրենակիցների խնդիրը ՀՀ և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման գործընթացի ապօրինի ընթացակարգի կասեցումն է, արմատական և անզիջում դիմադրության ցուցաբերումը ՀՀ իշխանության վարած հակահայ քաղաքականությանը, որով ՀՀ ինքնիշխան տարածքն, իրականում, մաս-մաս նվիրաբերվում է Ադրբեջանին՝ դրանով իսկ փլուզելով մեր պետության հյուսիսարևելյան դարպասի՝ Տավուշի պաշտպանական գիծը, առաջացնելով անվտանգային լրջագույն սպառնալիքներ մեր պետության և սահմանապահ համայնքների բնակիչների կյանքի և սեփականության իրավունքների համար:

ՀՀ հայադավ իշխանության թողտվությամբ և պատասխանատվությամբ՝ Տավուշի գյուղերում ընթացող սահմանազատման ապօրինի գործընթացի հաջողությունը չի կանգնեցնելու՝ 2021 թ-ից Հայաստանի ինքնիաշխան տարածքները զավթած Ադրբեջանին, ավելին՝ դրան հաջորդելու է ՀՀ այլ տարածքների նկատմամբ անօրինական պահանջների ներկայացումը: Այս գործընթացին դիմադրելու և մերժելու ռեսուրսը, կամքն ու վճռականությունը չունի ՀՀ գործող իշխանությունը, որի՝ խաղաղության հաստատման հետևողական, ապարդյուն ջանքերը հանդիպում են միջազգային հանրության հստակ կեցվածքին՝ լիովին չընկալել ՀՀ և հայ ժողովրդի անվտանգային սպառնալիքները:

Կողմ լինելով կայուն և խաղաղ տարածաշրջանի՝ այս պահին անիրատեսական թվացող տեսլականին՝ այսուհանդերձ, համոզված ենք, որ երկու պետությունների միջև տարածքային սահմանազատումը պիտի ընթանա միջազգայնորեն ամրագրված՝ վստահելի, չափելի, առարկայական և երկու կողմի անվտանգային կենսական շահերը հաշվի առնող ընդունելի մեխանիզմներով, իսկ ՀՀ ներսում՝ պահելով իրավական և ինստիտուցիոնալ բոլոր ընթացակարգերը, տարածքային հնարավոր փոփոխությունների հարցն էլ՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված անվիճարկելի դրույթով՝ հանրաքվեով: Այլ տրամաբանությամբ որևէ գործընթաց հակասահմանադրական է, իսկ այդ քաղաքականությունն իրականացնող իշխանությունը՝ ապօրինի, որին վայրկյան առաջ պետք է ապալեգիտիմացնել և փոխել նման հանձնվողական բանակցային օրակարգն առաջ տանողներին, որոնց դիվանագիտական հնգամյա աշխատանքի հետևանքով, այս պահի դրությամբ, զիջել ենք Արցախի՝ 12.000 և ՀՀ ավելի քան 400 քկմ տարածք:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Վիճակն օրհասական է և ազգային անարժանապատվության խարանից ձերբազատվելու պահը՝ հասունացած: Միայն հանդուրժողականությամբ, ներազգային պառակտումներն ու վեցամյա թշնամանքը մաքրող, հանուն հայրենիքի գաղափարաբանությամբ, միահամուռ ուժերով, նպատակային համախմբմամբ, հավաքական առաջնորդությամբ, համակարգված և կարգապահ գործողություններով է հնարավոր ապացուցել, որ պարտվողական այս քաղաքականությունը կարող ենք փոխարինել՝ արժանապատիվ, ռացիոնալ, հայկական շահերն ապահովող, միջազգային հետաքրքրությունները չհակադրող քաղաքականությամբ: Աշխարհը պետք է իմանա, որ հայ ժողովուրդն այլևս չի հանդուրժելու իր անվտանգությանը, զարգացման իրատեսական ներուժի իրացմանն ու քաղաքական ճակատագրին վերաբերվող հարցերի ցանկացած միանձնյա որոշում:

Ժողովրդի իմաստությունը միշտ էլ հուշում է, որ անհատի, հավաքականության ու պետության ճակատագիրը չի կարող կախված լինել մեկ անձի կամ խմբակի կամայական որոշումից:

Հայաստանի գործող իշխանությունը խաբել է սեփական ժողովրդին, զիջել է հայրենիքի տարածքներ, ծաղրել է ազգայինն ու հոգևորը, ներազգային բաժանարար գծերով խաթարել է պետության ներքին անվտանգությունը, ոտնակոխ է արել մեր հայրենակիցների՝ վաղուց հասունացած և 2018-ին արտահայտված ազնիվ և արդար ակնկալիքները՝ ունենալ անվտանգ և ապահով պետություն, արդար հասարակարգ, որտեղ իր ձայնը վճռորոշ կլինի: Ժողովրդի ձա՛յնը պիտի որոշի պետության ճակատագիրը, իսկ հայ ժողովուրդն ասում է «ո՛չ» հանձնվողականությանը, ստրկացմանն ու պետության աճուրդին, հայկական տարածքների հետևողական զիջմանը և «այո՛»՝ համազգային համերաշխությանը, ազգի ու պետության շահի գերակայությանը:

«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն/հիմնադրամն իր ամբողջ ներուժով և հնարավորությամբ աջակցում է «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման ազգային-հոգևոր առաջնորդության նպատակային քայլին՝ մեկտեղել ուժերը հանուն հայրենիքի և ազգային արժանապատվության:

Պահի լրջությունը թելադրում է մի կողմ դնել՝ մի քանի տարի շարունակվող անհանդուրժողականության վանող մթնոլորտը, ներազգային անհամերաշխության արատավոր և կործանարար դրսևորումները, գործակցության ձեռք ենք մեկնում մեր հայրենակիցներին՝ շինականից մինչև մշակ, բանվոր, ռանչպար, գիտնական ու բժիշկ, որոնց համար հայրենիքը վեր է ամենքից և ամեն ինչից: Ներառական այս աշխատելաոճը բերելու է հասարակ հայրենակիցների, ազգային-պետական մտածողությամբ դաստիարակված ուսանողների, մասնագիտական զանազան խմբերի, քաղաքականապես հասուն գործիչների, դիվանագետների, զինվորականների, մշակույթի նվիրյալ գործիչների, անաչառ մամուլի ներկայացուցիչների նպատակային գործակցության, որի արդյունքը պիտի լինի հայկական պետության՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ից չընդհատվող պարտությունների կասեցումն ու ազգային իշխանության ձևավորումը:

Տարածքային կամ դիվանագիտական հերթական զիջումը բերելու է գոյութենական մասշտաբային աղետի, ուստիև՝ պետականության իրական կորստի: Չզիջելու այլընտրանքը պատերազմը չէ՛, ինչպես փորձում են մատուցել իշխանությունն ու նրա պրոպագանդիստական մեքենան: Հայ ժողովրդի խաղաղասիրությունը չի՛ կարելի վիճարկել, բայցև, միաժամանակ, անթույլատրելի է հասնել այդ խաղաղության՝ տրորելով հայի ու Հայաստանի արժանապատվությունը, իր հայրենի հողում անվտանգ ապրելու ու զարգանալու բնական իրավունքը: Հենց չհաշվարկված և անհավասարակշիռ զիջումնե՛րն են բերելու նոր աղետի ու պատերազմի, իսկ շարժման ներուժ ունեցող Կիրանցի գործընթացի նպատակը հենց այդպիսի պատերազմի կանխումն է՝ գործող իշխանության հանձնվողական կուրսի լիարժեք կասեցմամբ:

Հայ ժողովրդի գոյութենական պատերազմը տանուլ կտանք, եթե հրաժարվենք մեր ինքնության իրավունքի համար տարվող պայքարից, որին, վստահաբար, հաջորդելու է օտարի կարեկցանքի սրտառուչ խոսքը՝ հնարավոր աջակցության և վաստակած հարգանքի փոխարեն: «Հայը պիտի ապրի իր հայրենիքում՝ արժանապատիվ խաղաղության պայմաններում» արտահայտությունը կժառանգենք մեր սերունդներին, եթե մեր բաժին պայքարը հասցնենք տրամաբանական ավարտին՝ բոլորիս հայրենանվեր և աչալուրջ աշխատանքով, ազգային ամոթի ու բարոյալքման պարտադրվող կապանքները շպրտելով պատմության աղբանոցը:

Պի՛նդ եղեք»։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ