«Հայկյան» մրցանակ` Սեյրան Օհանյանին
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ պաշտանության նախարար Սեյրան Օհանյանին շնորհեց «Հայկյան- 2014» մրցանակ: «Երիտասարդական ոլորտին առավելագույնս աջակցած պետական գործիչ» անվանակարգում հայկյան մրցանակը նախարարին հանձնեց ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը և նկատեց. «Սովորաբար Դուք եք պարգևներ հանձնում, թույլ տվեք խախտել ավանդույթը և այս անգամ Ձեզ հանձնել: Այս մրցանակի շնորհումը իրականում ոչ թե ինչ-որ անձի, կամ որևէ հանձնաժողովի որոշում էր, այլ հենց երիտասարդների`Սեյրան Օհանյան գործչի նկատմամբ ունեցած գնահատանքի և շնորհակալության դրսևորում»: Սեյրան Օհանյանը նշեց, որ «Հայկյան» մրցանակ ստանալն իր համար մեծ պատիվ է ու պատասխանատվություն՝ ավելի ուշադիր և հոգատար լինել երիտասարդների նկատմամբ, հարգել նրանց անձնական արժանապատվությունը:
Խոսելով երտասարդական ոլորտում կատարված աշխատանքների և դրանց արդյունքների մասին՝ նախարարն ասաց. «Իմ համագործակցությունը երիտասարդական բոլոր կազմակերպությունների հետ կազմակերպում եմ որպես ամենամեծ երիտասարդական կազմակերպության ղեկավար: Մեր, ինչպես նաև հիմնադրամի նպատակը մեկն է՝ երիտասարդներին ավելի պատրաստված տեսնել, որպես եռանդուն, ավյունով լի աշխատունակ և օրինապաշտ քաղաքացիների»: Սեյրան Օհանյանի կարծիքով՝ բանակում կատարված բարեփոխումների արդյունքներն արդեն տեսանելի են. «2008-ից սկսած բարեփոխումների հիմնական ուղղությունը բանակ-հասարակություն կապի ամրապնդումն է եղել: Նրանում մեծ տեղ է տրվել երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությանը: Համագործակցում ենք և՛ դպրոցների, և՛ այլ կրթական հաստատությունների, հասարակության տարբեր կազմակերպությունների հետ»: Հիմնադրամի հետ համագործակցությունը նախարարն արդյունավետ համարեց ու նշեց. «Ավանդական ծրագրերին զուգահեռ յուրաքանչյուր տարի ինչ-որ մի նորություն մտցնում ենք բանակի բարեփոխումների շրջանակներում և խնդրում ենք հիմնադրամին այն ոլորտներին ուշադրություն դարձնել, որը գտնում են անհրաժեշտ»:
Պարոն Օհանյանը նշեց, թե գրեթե յուրքանչյուր ընտանիք իր դեսպանն ունի զինված ուժերում, ուստի ՀՀ զինված ուժերն աշխատում է թափանցիկ` նպատակ ունենալով ավելի հզորացած, զարգացած ու կարգապահ դառնալ:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն
Հեռ.՝ 010545802 (ներքին՝ 16), 093517112
E-mail: [email protected]